23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հունվարյան պատերազմը և կուսակցականների հստակ փոփոխությունները

Կյանքումս չեմ մոռանա այդ օրը: Նախ` նորմալ ձյուն էր եկել, հետո՝ դպրոցում պարոն Տիգրանյանից իմացանք, որ հաջորդ օրը պիցցա ենք թխելու: Հանկարծ պարոն Տիգրանյանն ասաց.

-Ո՞վ ա ուզում սահնակ քշել:

-Ե՜ս,-այնքան բարձր գոռացինք բոլորով, որ քիչ էր մնում Էդուարդը տապալվեր գետնին: Ու, երևի այդ պատճառով, նա չեկավ սահնակ քշելու:

Չորս հոգով…

սպա Պետրոսյան Արամը…

շարքային Մկրտչյան Հայկը…

Ստից գեներալ Արշակյան Նարեկը…

ստից գեներալի թիկնապահ, հուժկու Բարսեղյան Արամը…

Դուրս եկան ճակատամարտի: Նախկին զինակիցները վիճեցին, և ես՝ սպաս, փորձեցի վերցնել երբեմնի հավատարիմ Արշակյանին, իսկ նա հրաժարվեց: Ես հուսահատությունից փոխանակ հուժկու թիկնապահին վերցնեի, վերցրի շարքային Մկրտչյանին:

Ստից գեներալն ու հուժկու թիկնապահն անցան կրթահամալիրի ցրտաշունչ հյուսիսային կողմը, իսկ մենք` տաք արևմտյան կողմը /չնայած մեր կողմում ձյունն ավելի շատ էր/:

Հանկարծ Ստից գեներալը որոշեց, որ իր փայտե, կոտրված ու մաշված սահնակը ոչ այլ ինչ է, քան ԻՍ-ԿԱՆ-ԴԵ՜Ր … ու գոռաց.

-Հրապարակ է մտնում… ԻՍ-ԿԱՆ-ԴԵ-ՐԸ…

-Հու՜,-գոռաց Հայկը,-սքանչելի է, Իսկանդեր` Հայաստանում,-ու գոռաց Նարեկի ուղղությամբ.

-Որտեղի՞ց ես առել, ասա, ես էլ առնեմ:

Ու այդ պահին մի կոշտ ձնագնդիկ հարվածեց շարքայինի կարմրած քթիկին.

-Քո ի՞նչ գործն ա,-բղավեց Ստից գեներալը:

Հանկարծ հուժկու թիկնապահը սահնակը վերցրեց ու շպրտեց մեզ վրա.

-Տես` ինչ անդաստիարակ են, պատերազմը թողած, արևմուտք-հայրենիքը թողած` շաղակրատու՜մ են: Նորմալ կրակեք, հասկացա՞ք, նորմալ կրակեք…

Շարքայինը արժանի հակահարված հասցրեց հակառակորդին և ֆեյսբուքում գրեց. «Հակառակորդը խախտել է հրադադարը տասներեք միլիմետր տրամաչափի ականներով»:

Հանկարծ Ստից գեներալը գոռաց.

-Սրանց նայեք. «Հակառակորդը խախտել է հրադադա՜րը» …եթե մենք Իսկանդեր ունենք, ինչ ամոթով ենք տասներեք միլիմետրերով կրակում, հը՞:

Ու այստեղ սկսվեց Հունվարյան պետարազմը: Ես այնպես էի նստել բլրակին և նայում, կարծես հեռուստացույցի առջև «Երեք հարյուր սպարտացիներ» ֆիլմն էի նայում: Հուժկու թիկնապահը, Ստից գեներալը ու շարքայինը իրար միս էին ուտում.

-Սրանց նայեք, հեսա Իսկանդերը տամ գլխիդ, կիմանաս:

-Սպասեք, գրեմ «հրդադարը խախտել եք», հետո:

Ու ես թաքուն գնացի հակառակորդի «իսկանդերը» թռցրի:

Հայտարարեցի.

-Երկու սահնակներն էլ մոտս են:

Ու նույն պահին զղջացի ասածիս համար:

Հուժկու թիկնապահը թռավ վրաս և սկսեց ձնով ծեփել ինձ, մինչև էնքան, որ թաղվեցի ձյան մեջ: Այդ պահին շարքայինը հարձակվեց նրա վրա, իսկ Ստից գեներալը փորձում էր Թվիթերով ապատեղեկատվություն տարածել: Այդ պահին ես քթիս համար ծակ բացեցի, աչքերիս համար էլ ու սպասեցի: Ստից գեներալը քայլեց իմ կողմ և սկսեց ծափահարել Հուժկու թիկնապահին, որն արդեն մրճահարում էր Հայկին: Այդ պահին ես մեռելի նման վեր կացա ու խորհրդավոր ձևով շշնջացի.

-Սպասի՜ր, դու դեռ չգիտես քո գլխի գալիքը…

-ԹիկնաՄա՜հ,-գոռաց Ստից գեներալը:

Հուժկու թիկնապահը երբ տեսավ ինձ, քիչ էր մնում վախից համբարձվեր:

Նրանք երկուսով, տալով կորուստներ, հետ շպրտվեցին, իսկ շարքայինը մոտեցավ ինձ.

-Օ՜, իմ զինակից սպա, օ՜… ուրախ եմ տեսնել քեզ…

-Տղանե՛ր:

Մենք գլուխներս շրջեցինք դեպի աջ ու տեսանք պարոն Տիգրանյանին:

-Մի ձեզ նայեք:

Մենք նայեցինք մեզ ու տեսանք երկու ձնեմարդ:

-Հիմա ինձ նայեք:

Մենք նայեցինք նրան ու տեսանք շատ նորմալ մարդ:

-Վերջ տվեք ձեր երևակայությանը, սահնակին Իսկանդե՜ր են տեսնում:

Մենք հասկացանք, որ մենք ոչ թե սպա ու շարքայիններ էինք, այլ սովորական, ձնագնդիկ խաղացող կարմրաթուշիկ մանուկներ:

Վերադարձանք դպրոց ու ընկեր Մարալին ահավոր վախեցրինք մեր տեսքով:

Օրվա վերջում, երբ ոչինչ չունեինք անելու, ստեղծեցի մի կուսակցություն`« Կրթահամալիրի պաշտպանության կուսակցությունը»:

ԿՊԿ-ն ստեղծվել էր  25.01.2017` ճամբարի վերաբերյալ վիճաբանության պատճառով, սովորողների և ծնողների բախումից հետո: ԿՊԿ-ի նպատակն էր հաշտեցնել նրանց` ցույց տալով.

  • ճշգրիտ փաստեր
  • ցուցումներ
  • ապացույցներ
  • և այլն, այլն, այլն:

Կուսակցությունս ներկայացրի Նարեկին, Արամին, Հայկին: Ստացա նրանց հավանությունը: Ես դարձա կուսակցության հիմնադիր- նախագահը: Նարեկը, քանի որ շատ լավ թամադայություն էր անում, դարձավ իմ տեղակալը: Հայկը դարձավ ուղղակի կուսակցական և ամբողջ դպրոցին ասաց դրա մասին, որից հետո մեզ միացավ երեք կուսակցական ևս: Բոլորս երդվեցինք, որ պատրաստ կլինենք զոհաբերել մեր կյանքը` հանուն կուսակցության բարելավման: Արդյունքում կուսակցականներ դարձան՝

Դավիթ Տիգրանի Հարությունյանը

Նարեկ Արտակի Արշակյանը

Հայկ Արտակի Մկրտչյանը

Արշիլ Արտյոմի Խաչատրյանը

Վահե Արմենակի Գրիգորյանը

Արամ Արտյոմի Պետրոսյանը

Կուսակցությամբ անցկացրինք կլոր սեղան և խոսեցինք մեր նպատակների ու 27.01.2017-ի գործողությունների մասին: Հետո բացեցինք ֆեյսբուքյան պրոֆիլ, իսկ մի փոքր ուշ բացեցինք նաև հանրային ակտիվ խումբ/ՀԱԽ, հավես ա, չէ՞, հա՛խ, հա՛խ, հա՜խ / outlook 365-ում:

Դրանից հետո մենք հրաժեշտ տվեցինք միմյանց (շատ պաշտոնական ձևերով):

Իսկ Էդուարդը, չգիտես ինչու, նստել էր մեր կողքի սեղանին ու նայելով մեզ` ծիծաղում էր:

🙂

Այսքանը մեր բովանդակալից օրվա մասին:

Նյութը նաև կարդացեք Արամ Պետրոսյանի բլոգում: