22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հոգատարություն առանց սահմանների

«Հոգատարություն առանց սահմանների», կամ «Մանկավարժներ առանց սահմանների»․․․ վստահեցնում եմ, որ կա այսպիսի թիմ, և ոչինչով չի զիջում աշխարհին հայտնի՝ միջազգային կազմակերպությանը: Այդ հրաշալի թիմը մի մեծ ընտանիք է, որին միացավ որդիս՝ ընդամենը մեկ տարի առաջ։ Անմիջապես զգացի, որ մի ուրիշ աշխարհ ենք ոտք դրել, մեկ այլ չափման մեջ ենք, որտեղ ապրում են մանկավարժներ՝ առանց սահմանների, և որտեղ երեխադ կկայանա՝ որպես ազատ, լայն աշխարհայացքով, կյանք մտնելու համար անհրաժեշտ հմտություններով, ազգային արժեքները գնահատող և պահպանող ճիշտ մարդ։
«Դա՜վ, ձեր կրթահամալիրն իսկական Հոգվարթսն է (հորինված կրթական հաստատություն  Հարրի Փոթերի աշխարհում)», բացականչեց որդուս ընկերը, ով ուշադիր լսում էր Դավիթի պատմություններն իր սիրելի կրթահամալիրի մասին։ Այո՛, Հոգվարթսն է, միգուցե ավելի լավը, միայն թե իրական, չհորինված, որտեղ ամեն ինչ բնական է և անկեղծ, որտեղ ամեն ինչ բաց է և հասանելի, որտեղ փոխադարձ հարգանքի և սիրո մթնոլորտ է, և երեխադ սովորում է սիրել, վստահել, հավատալ։
Որդիս հավատաց իր երազանքին՝ լինել տիեզերքում, ճամփորդել իր ընկերների հետ, իսկ կրթահամալիրն իրականություն դարձրեց նրա երազանքը։ Ճամփորդեց, եղավ տիեզերքում, բացահայտեց, սովորեց, հիացավ, ընկերացավ, և նույնիսկ տարեդարձը նշեց․․․ «Հոգատարություն առանց սահմանների» թիմը՝ ընկեր Մարգարիտա Սարգսյանի և ընկեր Հերմինե Անտոնյանի ուղեկցությամբ, ծնողական ջերմությամբ և սիրով հոգացին մեր երեխաների ապահով, անվտանգ, ուրախ և վստահ ճամփորդությունը։ Հոգացին նաև ծնողական խմբի մասին՝ ամեն օր «հիացմունքի լուսանկարներ» ուղարկելով, և հանգստացնելով անհանգիստ ծնողներիս մտահոգությունները։
Շնորհակա՜լ եմ անսահման, սիրելի հոգատար մանկավարժներ, սիրելի տիար Բլեյան, սիրելի կրթահամալիր․․․ Շնորհակալ եմ, որ ձեր, մեր կրթահամալիրում երեխաները սովորում են հավատալ իրենց երազանքներին, քանի որ դրանք իրականություն են դառնում ձեր հոգատար աշխատանքի միջոցով։
Համոզված եմ, որ ծնողների մեր թիմն էլ չէր հրաժարվի, որպեսզի մեզ կոչեինք «Շնորհակալություն առանց սահմանների» թիմ, քանի որ շնորհակալ լինելը երբեք շատ չի լինում։