26.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հավատարիմ ընկերը լինում է…

«Իմ ընկեր Նեսոն» պատմվածքի վերլուծությունը ընթերցեք՝ բլոգում:

Մեր ժամանակներում ընկեր բառը դարձել է շատ արդիական, կիրառվող, շահարկվող: Յուրաքանչյուր մարդ կարող է նշել, թե որքան շատ ընկերներ ունի սոցիալական ցանցում և հպարտանալ դրանով: Սակայն ամենակարևորի մասին կարող ենք մոռանալ, թե այդքան շատ ընկերներից ո՞վ է արդյոք իրական, իսկական, ոչ վիրտուալ ընկերը: Ո՞վ է արդյոք քեզ ճանաչում և ընդունում այնպիսին, ինչպիսին որ կաս: Ո՞վ է պատրաստ քո դժվար պահին քո կողքին լինել, կիսել անհանգստությունդ, ուրախությունդ, հաջողություններիդ հրճվանքը: Երբեմն մենք մտածում ենք, թե ինչպիսի ընկեր ենք ուզում ունենալ, բայց հաճախ մոռանում ենք, թե ինչպիսի ընկեր ենք մենք ինքներս: Արդյո՞ք հավատարիմ ենք, արդյո՞ք տալիս ենք մեր ընկերոջը այն, ինչ մենք ենք նրանից ակնկալում: Նույնիսկ Եվրիպիդեսն է ասել. «Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է»: Այսինքն, իրական և ճշմարիտ ընկերները պետք է ուրախանան և տխրեն միաժամանակ, հաղթանակեն և պարտվեն միասին, իրենց մի կտոր հացն անգամ կիսեն միմյանց միջև: Անգնահատելի է ընկերոջ հավատարմությունը, հատկապես, երբ այդ «մի կտոր հացը» կիսել և կերել ենք միասին. ուստի, այլևս դավաճանության մասին խոսք գնալ չի կարող: Ես կարծում եմ, որ ունեմ լավ ընկեր և ընկերներ: Փորձում եմ ինքս էլ լավ ու հավատարիմ ընկեր լինել, որպեսզի երբևէ կասկած չլինի այն հարցում, որ ես հավատարիմ ընկեր եմ։

Հեղինակ՝ Դավիթ Առաքելյան, 7-3 դասարան: