23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Թղթի վրա «թափվող» հոգիդ

Մաքուր ճերմակ թուղթ, անսահման տարածություն՝ լի օդով և լույսով, մատիտի մի քանի վարժ շարժում և թուղթը կենդանություն, շունչ է ստանում, դառնում հոգիդ ներկայացնող ոչ վերբալ ու խոսուն վկան: Երբեմն ի միջի այլոց, մեքենայաբար արված գծանկարը նկարչի մասին շատ ավելին է ասում, քան ամիսների ընթացքում ստեղծված  մեծ կտավի գործը:                                                                                                   Տաղանդաշատ Արմեն Մխոյանի հետ հանդիպման օրը ես ևս մեկ անգամ առիթ ունեցա բացահայտելու սեբաստացի հրաշամանուկներին: Նրանք իմ 2016 թվականը եզրափակող, նոր տարին ազդարարող կարևոր ձեռքբերումներն են…բարեբեր տարի բոլորիս, նոր բացահայտումների սկիզբն ազդարարված է, որովհետև տարին սկսել ենք հետաքրքիր նախագծերով հագեցած ձմեռային ուսումնական ճամբարով:                               Եվ ահա, ճամբարային կլոր սեղան հանդիպման նախագծի շրջանակում և՛ ես, և՛ մեր հյուրը բացահայտեցինք, որ սեբաստացիները կարողանում են ոչ միայն լավ երգել, պարել, ստեղծագործել, այլև հիանալի նկարել, ասել է թե՝ արվեստին մոտ լինել, արվեստը իրենց մեջ կրել: Իսկ սա ապրել է նշանակում, գեղեցիկ ապրելն էլ է չէ՞ արվեստ:

Գրադարանային, գրքառատ ու գրքաբույր ջերմ միջավայր, գունավոր մատիտներ, թղթեր, մարմարյա սրահից մշտապես լսվող երաժշտության ձայներ, էլ ի՞նչ է պետք Մուսան բերելու և ստեղծագործելու համար: Շտապե՜ք, երեխանե՛ր, անկեղծանալ է պետք սպիտակ թղթերի առջև: Իսկ Մուսան, իսկապես, եկել էր մեր ընկեր Արմենի տեսքով, ով սովորողներին ներկայացրեց նկարչության հիմնական օրենքները, գաղտնիքները, տեխնի- կան և հիշեցրեց. «Նկարչությունը հոգեվիճակի արտացոլումն է, ցանկացած տարիքում այն կարելի է սովորել: Նկարչությունը տարիքային սահմանափակում չունի: Եթե կարող ես գրել-կարդալ, ապա կարող ես նաև նկարել»: Արմենը նկարչության մեջ առանձնակի կարևորեց ոգեշնչումը, որը երբեմն ստիպում է անել անհնա- րինը: Ուստի, նկարչական այս բաց դասը կարող է շատ նպաստավոր լինել սաների գեղագիտական ճաշակի զարգացման համար. այս կերպ  լուծվում է սովորողի բարոյական և գեղագիտական դաստիարակության մի շարք հիմնախնդիրներ:

Ընդհանրապես գեղագիտական դաստիարակությունը շատ պատասխանատու ու դժվար գործընթաց է: Ինչ-որ հատուկ կետեր ու կանոններ չկան: Բայց դաստիարակողի և դաստիարակվողի մեջ կարևոր է ներդաշնակության առկայությունը՝ մտքի, զգացողության, գործունեության: Գեղագիտությունը սեր է ու հարգանք գեղեցկության նկատմամբ: Գալիս է պահ, երբ երեխան սկսում է շրջապատի մեջ տեսնել ոչ թե նյութական գեղեցկությունը, այլ այդ գեղեցկության հոգին ու շունչը, այսինքն այն ամենը, ինչը կազմում է այդ գեղեցկության արժեքը: Այս նկարները դիտելով՝ հասկանում ենք, որ նկարող սաների «յուրաքանչյուր տող»  գրված է անկեղծությամբ:

Տարաբնույթ թեմաներով ինքնատիպ  նկարներ նկարելուց հետո սովորողները լսեցին ընկեր Արմենի խորհուրդները, վերլուծությունները, որոնք հատկապես հետաքրքրեցին սկսնակ նկարիչներին: Հանդիպման ավարտին մեր տաղանդաշատ հյուրը ցույց տվեց աճպարարական հնարքներ՝ միանգամից իր կողմը գրավելով սեբաստացի սաների՝  աճպարարի ճարտար շարժումներին հետևող սևեռուն հայացքները:                             -Հեշտ է, չէ՞, երեխաներ, կողքից դիտելը)):

Ֆոտոպատումի և նյութի հեղինակ՝  Լիլիթ Մադոյան: