Հռոմ քաղաք–պետությունը հիմնվել է Ք.ա. 753 թ. Միջին Իտալիայում՝ Տիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա: Համաձայն ավանդույթի` Հռոմի հիմնադիրը հերոս Հռոմուլոսն էր: Նա միավորել էր հարևան ցեղերը` տալով քաղաքին ու պետությանը իր անունը: Սկսվել էր Հռոմի պատմության արքայական դարաշրջանը, որը տևեց մոտ երկու հարյուր հիսուն տարի: Այդ ընթացքում միմյանց հաջորդեցին յոթ արքա:
Հռոմում դեռևս պահպանվել էին տոհմացեղային կենցաղի շատ վերապրուկներ: Հասարակական կյանքի կարևորագույն օղակն ընտանիքն էր: Հայրը բացարձակ իշխանություն ուներ կնոջ և զավակների նկատմամբ: Արյունակից ընտանիքները միավորվում էին տոհմի մեջ` առաջնորդի ղեկավարությամբ: Տոհմերն իրենց հերթին միավորվում և կազմում էին ցեղ, որի առաջնորդն ընտրվում էր ամենաազդեցիկ տոհմերի ավագներից:
Ցեղին պատկանող ընդհանուր հողատարածքը պարբերաբար վերաբաժանվում էր ըստ տոհմերի և ընտանիքների անդամների: Հետագայում այդ կարգը խախտվեց: Ավելի ուժեղներն իրենց ամրակցեցին մեծ ու բերրի հողակտորներ: Այդուհանդերձ, հողի միակ սեփականատերը ցեղն էր: Այդ իրավունքը փոխանցվեց հռոմեական պետությանը, որի հողատարածքները կոչվում էին հասարակական դաշտ: Ցեղակիցները, ապա նաև հռոմեական քաղաքացիները ձևականորեն ունեին հավասար իրավունքներ և պարտականություններ: Սակայն գերակայում էր տոհմական ավագանին:
Բոլոր չափահաս տղամարդիկ, Հռոմի քաղաքացի ճանաչվելով, իրավունք էին ստանում ընտանիք կազմելու և հասարակական դաշտից հողակտոր ձեռք բերելու: Նրանք դառնում էին նաև զինվոր` պատրաստ կյանքով պաշտպանելու հայրենիքը: Քաղաքացիների իրավունքն էր մասնակցել Աշխարհաժողովին:
Տոհմերի ավագները (շուրջ 300 հոգի) կազմում էին հռոմեական պետության գերագույն մարմինը` Ծերակույտը (Սենատ): Այն որոշումներ էր կայացնում պետական կյանքի բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ և հետևում դրանց կատարմանը:
Պետության գլուխ կանգնած էր արքան, որի իշխանությունը, սակայն, ժառանգական չէր: Նրան ընտրում էր Ծերակույտը` Աշխարհաժողովի հավանությամբ: Արքան գերագույն քուրմն էր, ռազմական առաջնորդը և դատավորը:
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия