22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աշնանային մտորումներ

Աշուն է…Սիրում եմ աշունը՝ իր գույներով, մռայլությամբ: Եղանակը հոգուս նման մռայլ է: Միայն ուզում եմ փակվել սենյակումս, թեյ խմել, լսել երաժշտություն ու նայել, թե ինչպես են անձրևի կաթիլները հատիկ-հատիկ թափվում պատուհանիս: Թող գա անձրևը, գա ու սրբի տանի իր հետ այս մռայլությունն ու փոշին՝ հոգուս փոշին, որ շնչել կարողանամ: Սիրում եմ այդ քամին՝ մեղմ քամին, որ փչում է հոգուս մեջ ու նորից ցավեցնում վերքերս: Սիրում եմ հիշել անցյալը, իմ սխալները`այլևս չկրկնելու համար…Այդ քամին է, որ օգնում է հիշել ամենը. Օրերը դարձել են անգույն, արևը փորձում է շողալ, ջերմացնել մարդկանց սրտերը, բայց այլևս չունի այդ զորությունը, իսկ ես…ես երբեմն այնքան եմ զգում նրա ջերմության կարիքը, սիրտս սառել է, ուզում է տաքանալ: Աշունն ամենաթախծոտ եղանակն է, բայց այնքան շքեղ ու գունավոր, որ նույնիսկ տխրությունն է նրանում գեղեցկանում:
Աշուն է, իսկ ես քայլում եմ քաղաքի տերևաշատ փողոցներով ու անպատճառ տխրում, երևի հենց աշնան քամին ու մռայլ եղանակն են տխրությանս պատճառը: Ոչինչ, ամեն ինչ անցնում է, սա էլ կանցնի, այս աշունն էլ կանցնի՝ իր հետ տանելով մի պատմություն, բազմաթիվ հիշություններ ու թախիծ…

Հեղինակ՝ Մարիամ Մայիլյան