24.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շաբաթվա ընթերցումներիս ընտրանին

Ամեն օր հետևում եմ Միջին դպրոցի ենթակայքի անընդմեջ թարմացվող հետաքրքիր ու բազմաբովանդակ  նյութերին: Շաբաթվա ընթերցումներից կցանկանայի անդրադառնալ առավել  դիտարժան նյութերին: 

Ընթերցելով սովորողների ինքնատիպ վերլուծությունները, գրառումները՝ նոր տեսանկյունից եմ բացահայտում մեր սերնդի պատկերացումներն ու մոտեցումները: Այդ բացահայտումները մշտապես են լինելու, քանի դեռ ապրում ես փոքրերի, պատանիների զարմանահրաշ մոլորակում, որտեղ ամեն մի հետաքրքիր միտք, գաղափար գունազարդում է օրդ, փոխում ներաշխարհդ, կյանքդ:

Շաբաթվա դպիրյան ֆլեշմոբ ընթերցում-քննարկումներից հետաքրքիր էր «Կենդանիները մարդու ընկերներ» առցանց քննարկումը, որտեղ Արամ Պետրոսյանը ոչ միայն հետաքրքիր մեկնաբանություններ է անում կենդանիների հետ ճիշտ շփվելու, բարեկամանալու, նրանց բարենպաստ ազդեցությունից օգտվելու մասին, այլև գրագետ հարցադրումներ է անում ընթերցողին:

Տպավորիչ էր Հասմիկ Ուզունյանի և «Բույսերի ու կենդանիների խնամք» ընտրովի դասաժամի սովորողների աշխատանքը ջերմոցում.  բույսերի խնամք՝ համակված տերյանական մեղմաշունչ տրամադրությամբ: Միշտ լսել եմ, որ բույսերի աճին նպաստելու համար  ճիշտ խնամքից բացի կարևոր է նաև բույսերի «լեզուն» հասկանալը, նրանց աճի համար դրական միջավայր ստեղծելը («Ջերմոց-լաբորատորիայում հնչում է Տերյան» ):

Դիտարժան նյութերից կառանձնացնեմ Դավիթ Առաքելյանի  «Ֆինլանդական երազանքն իրականություն է»  հոդվածը, որտեղ Դավիթը ընթերցողին է ներկայացնում, թե ինչպես իր համար իրականություն դարձավ ֆինլանդական կրթական համակարգը, որի մասին երազում էր մինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր տեղափոխվելը: Դավիթի նշած կրթական համակարգի առավելությունները՝ ազատ մտածելու, արտահայտվելու հնարավորությունը, տեխնոլոգիաներից գրագետ օգտվելու կարողությունը, դասավանդող-սովորող համագործակցային ուսուցումը, այո, նպաստում է սովորողի բազմակողմանի զարգացմանը, կայացմանը: Ողջունում եմ, որ այս տարիքում սովորողը գիտակցում է, թե որոնք են նոր ժամանակների պահանջները, հաշվի նստում դրանց հետ՝ կոտրելով ավանդական մտածողության կարծրատիպերը:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ասում է. «Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում…», մնում է սովորոցնել ճիշտ փնտրելու արվեստը: