27.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մխիթար Սեբաստացու դասերը. առցանց քննարկում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նշում է իր երիտասարդական տարիքի գագաթնակետը: Իսկ որքանո՞վ ենք մենք որպես համայնք և որպես անհատներ, ՍԵԲԱՍՏԱՑԻ: Սեբաստացի`  Մխիթարյան դասերը յուրացնելու և գործնականում կիրառելու տեսանկյունից:

ԴԱՍ ԱՌԱՋԻՆ. Մտքերի և սրտերի միասնություն Սիրո տիրապետության ներքո: Այս նպատակը դրվել է կրթահամալիրի հիմքում: Իրականացումը վայրիվերումներ է ունեցել: Այսօր այն դեռ չվիճարկվող նպատակ է: Եվ ինչքան էլ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ,առավել դժվար է մտքերի, այս դեպքում` մանկավարժական սկզբունքների, միասնության ապահովումը:

ԴԱՍ ԵՐԿՐՈՐԴ. Արիության, իրատեսության և շրջահայացության ներդաշնակեցում: Արիությունը միշտ էլ կրթահամալիրցիների բնորոշ գիծն է եղել: Արիություն ընդդեմ կաղապարվածության և հարմարվողականության: Բայց այսօր մի՞շտ ենք խրախուսում մեր սաների մտքի և գործի արիությունը: Կասկածում եմ: Իսկ իրատեսությունը, ցավոք, արդեն լքել է կրթահամալիրյան արժեհամակարգի առաջին եռյակը:

ԴԱՍ ԵՐՐՈՐԴ. Մշտապես հսկել, ուղղել, կրթել և ուսուցանել սովորողներին, կարևորելով նաև հանգիստն ու յուրաքանչյուրի տարիքին համապատասխան զիջողությունները: Այստեղ է, որ կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը աննահանջ հետևում է աբբահոր պատգամներին: Թե մեզնից յուրաքանչյուրն ինչքանով է յուրացրել այս դասը, թող ամեն մեկը պատասխան տա իր խղճի առջև:

ԴԱՍ ՉՈՐՐՈՐԴ. Պահպանելով սաների մանկական պարզությունն ու անկեղծությունը, այն զուգակցել խորագիտության և ձեռներեցության հետ: Այս ոլորտում մեր հաջողություններն ակնառու չեն:

ԴԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ. Կարևորել հռետորության և իմաստասիրության դասավանդումը: Այս ուղղություններով ընթացքն արդյունավետ էր, սակայն առարկայական և ենթակայական գործոններն այն կասեցրեցին:

ԴԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ. «…. ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, այնպես ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը»(Մխիթար Սեբաստացի):Գուցե՞ այս դասը հնացած է, չգիտեմ: Բայց հարկ համարեցի հիշեցնել:

ԴԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ. Միշտ աշխատել ընթանալ ոսկե միջինի ուղով` վեհանձնության հետ խոնարհամտություն, հրամայելու ժամանակ համեստ, խիստ, բայց քաղցրահամբույր, խորագետ, բայց ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, բայց ոչ անզգույշ և գաղտնամատնիչ, կիրթ, բայց ոչ կեղծավոր, բարեմիտ,բայց ոչ նվաստախոհ և ծառայամիտ, ու այդ ոգով էլ կրթել սաներին: Այս մանկավարժական երազանքը կկենսագործվի լոկ այն ժամանակ, երբ կդառնա ամենպահյա ուղեցույց: Դեռ այդպես չէ:

ԴԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ. Սովորեցնել սաներին դժվարություններ հաղթահարելու արվեստը և ձևավորել այս ուղղությամբ ընթանալու կամք: Այս հարցում կրթահամալիրում առկա են տարակարծություններ: Կարծում եմ, որ Մխիթար Սեբաստացու այս դասը ևս գործնական քննարկման առարկա կդառնա տեսանելի ապագայում:

ԴԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ. Սովորողի ընթերցասիրությունը, որ ծնվում է բնածին հետաքրքրասիրությունից, խթանել և դարձնել սովորույթի ուժ ունեցող հմտություն: Եթե դադարենք ձայնակցել վատատեսներին, այդ թվում` շատ ծնողների, ու գանգատվել, թե երեխաները չեն կարդում, և որպես առաջին քայլերից մեկը մեր կարդացածը խորհուրդ տանք նրանց և խրախուսենք, նաև կարդանք նրանց առաջարկածը, ապա կտեսնենք, որ երբեմն մեր ընթերցասիրությունն է կաղում:

Հ.Գ. «Վիճիր քեզանից գիտունի հետ: Մի տխրիր պարտվելու մտքից, քանի որ կշահես իմաստության ճակատամարտը:
Վիճիր քեզ հավասարի հետ, կպարտվես դու, կամ նա, բայց կշահեք իմաստության ճակատամարտը և՛ դու, և՛ նա:
Վիճիր քեզանից քիչ իմացողի հետ, չէ՞ որ օգտակար կարող ես լինել նրան՝ զրուցակցիդ:
Բայց երբեք չվիճես տգետի հետ, չէ՞ որ ոչ մեկդ չեք շահի, ախր..» (Մխիթար Սեբաստացի)

Աշոտ Տիգրանյան

Սովորողների կարծիքները.

Ես համամիտ եմ առաջին դասի հետ, բայց  մեր դպրոցում ընդհանրապես միասնություն չի տիրում: Սերը և մտքերի միասնությունը մեր դպրոցում փոքր- ինչ բացակայում է:

Երրորդ դասը միանշանակ ճիշտ է: Կարծում եմ, այն բոլոր դպրոցներում էլ առկա է, չնայած մեզ մոտ ուսուցիչներն  ավելի բարի և հանդուրժող են:

Չորրորդ դասի հետ համաձայն եմ: Բայց, ցավոք, դա այս ժամանակներում անհնարին է, կարող է իրականացվել միայն կրտսեր դպրոցի սաների դեպքում:

Ես համամիտ եմ հինգերորդ դասի հետ, բայց չեմ կարծում, որ բոլոր սովորղները համամիտ կլինեն դրա հետ: Այո՛, ես համամիտ եմ վեցերորդ կետի հետ, միայն հազվադեպ մարդկանց մոտ կարող է այդպիսի բան չլինել: Համաձայն եմ յոթերորդ դասի կարծիքի հետ: Այդքան էլ համամիտ չեմ ութերորդ դասի հետ, կարծում եմ՝  մեզ մոտ չպետք է լինեն այդպիսի տարաձայնություններ, քանի որ ճիշտ եմ համարում այն, որ պետք է դժվարություները հաղթահարելու արվեստը ուսուցանել սովորողներին: Լրիվ համաձայն եմ վերջին դասի հետ: Կարծում եմ՝ մարդ առանց գրքերի կիսատ է:

Հարություն Ասատրյան

 

Առաջին մտքի հետ համաձայն եմ, որովհետև ես սեբաստացի եմ, 7 տարի է սովորում եմ կրթահամալիրում և անձամբ ականատես եմ եղել վերը նշվածներին:Երկրորդ մտքի հետ համաձայն չեմ, որովհետև հիմա էլ ուրիշին հարմարվելը տեղ չունի կրթահամալիրում: Երրորդ մտքի հետ համաձայն եմ, որովհետև տիարի վերահսկողության տակ գտնվում ենք յուրաքանչյուրս: Չորրորդ մտքի հետ համաձայն չեմ, քանի որ երեխան մեծանալով պետք է լրջանա:Վեցերորդ դասի հետ համաձայն եմ, որովհետև հազվադեպ է լինում ,որ մեկին գովում ես, և նա երես չի առնում:Յոթերորդ մտքի հետ համաձայն եմ, դեռ այդպիսի կրթօջախ չկա:Ութերորդ մտքի հետ համաձայն եմ, քանի որ, իրոք, կրթահամալիրը մեզ ցույց է տալիս դժվարություները հաղթահարելու ճանապարհը, սովորեցնում չխուսափել դժվարություններից, այլ տարբերականեր մշակել դրանք հաղթահարելու համար:Իններորդ դասի հետ համաձայն եմ, քանի որ ինքս իմ ուսուցիչների հանձնարարությամբ շատ կարդում և թարգմանություններ եմ անում առանց տրտնջալու:

Գոռ Բարխուդարյան

 

Բոլոր դասերն էլ լավն են և կարևոր: Մեր դպրոցի աշակերտների և ուսուցիչների մտքերն ու սրտերը պետք լինեն միասնական, մենք պետք է կարողանանք հաղթահարել դժվարությունները, լինենք շրջահայաց և կարողանանք ընտրել ոսկե միջինը, լինենք ընթերցասեր:

Մարկ Միկաիլ

Այո՛,  համաձայն եմ առաջին մտքի հետ, չնայած  այդպիսի բան բոլորի մոտ դեռ չկա: Երկրորդ մտքի հետ նույնպես համաձայն եմ . արիություն բոլոր Սեբաստացիներն ունեն, բայց իրատեսություն՝ դեռ ոչ: Երրորդ միտք.  իհարկե, համաձայնե եմ,  տիար Բլեյանը միշտ հետևում է կանոններին և միշտ հսկում է բոլոր դպրոցները, բայց ճնշման տակ չի պահում, իսկ ինչ վերաբերում է պատգամներին,  տիար Բլեյանը հետևում է այդ պատգամներին, իսկ ուսուցիչները՝ չգիտեմ, թե ով ինչքանով է հետևում: Չորրորդն այնքան էլ ճիշտ չէ: Հինգերրորդ մտքի հետ համաձայն չեմ, որ ուսուցիչները չեն կարևորում հռետորության և իմաստության դասավանդումը, բայց ինչ-որ չափով այս միտքը ճիշտ է:  Յոթերրորդ դասի մեկնաբանության հետ համաձայն եմ, ճիշտ է,  որոշ մանկավարժներ այդ փորձը չունեն, բայց որոշների մոտ ստացվում է: Իսկ իններորդ մտքի մասին չեմ կարող մեկնաբանություն թողնել:

Ռուզաննա Ղազարյան

Մխիթար Սեբաստացին կատարել է մեծ աշխատանք՝ մեր և ապագա սերունդների դաստիարակության համար,որպես հասարակությանը պիտանի մարդիկ: Մխիթար Սեբաստացու դասերը կազմված էին մարդկային որակների, հոգևոր ուսման հիման վրա: Երբ կարդացի հոդվածը, հասկացա, որ մեր կրթահամալիրը մեզ տալիս է  բոլոր մարդկային որակները, որոնք  նշված էին Սեբաստացու իննը դասերում: Մեզ մնում է օգտագործել այդ հիանալի հնարավորությունը և մեր մեջ զարգացնել  այդ որակները:

Մանե Թոռունյան

Ես համաձայն եմ առաջին մտքի հետ, քանի որ միասնությունը երբեք չի խանգարում, ավելին՝ օգնում է համախմբված և լավ աշխատելուն:
Ես համաձայն եմ երկրորդ մտքի հետ ևս, քանզի դպրոցը իրականը տեսնելու հնարավորությունները կորցրել է, սակայն արիությունը գերիշխում է կրթահամալիրում:
Երրորդ մտքի հետ էլ եմ համաձայն, քանի որ, իրոք, ցանկացած ուսուցիչ  աշխատում է սովորողի հետ, որպեսզի սովորողը չլինի անկարգապահ և սովորի հիանալի: Տիար Բլեյանն էլ առանձնահատուկ է հետևում այդ ամենին:
Չորրորդ մտքի հետ համաձայն չեմ, քանզի սովորողը պետք է, նույնիսկ պարտավոր է մեծանալով հանդերձ՝ իրեն ավելի լավ պահել և կարգապահ լինել, իսկ մեր դպրոցում ավելի կարգապահ են փոքրերը, քան մեծերը:
Հինգերորդ մտքի հետ էլ եմ համաձայն, քանի որ ճարտասանությունը մեծ դեր ունի մեր կյանքում:
Վեցերորդ դասի հետ համաձայն չեմ, քանի որ, իսկապես, ճիշտ հիշեցրեցիք՝  այդ միտքը մոռացվել էր մեր դպրոցում, և նա, ում գովում ես, մոռանում է բարի գործերի մասին:
Յոթերորդ մտքի հետ համաձայն եմ, քանի որ չկա այդ պայմաններին համապատասխանող ոչ մի հաստատություն:
Ութերորդ մտքի հետ համաձայն եմ, քանզի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը մեզ սովորեցնում է չխուսափել դժվարություններից, այլ հաղթահարել դրանք: Մենք այդ ամենը սովորում ենք ոչ միայն բանավոր, այլ նաև ճանապարհորդություններով, որտեղ  ինքերս ենք ամեն ինչ բացահայտում:
Ես  համաձայն եմ, որ մենք շատ ենք կարդում, քանի որ ունենք գրադարան, և ուսուցիչներն էլ շատ կարդալ են հանձնարարում: Բայց համաձայն չեմ այն մտքի հետ, որ ծնողները բողոքում են, որովհետև  այդ ամենը անում ենք մեծ հաճույքով: Բոլոր ուսուցիչներն էլ շատ են հանձնարարում ընթերցանություն:

Տիգրան Արզումանյան

Ես երկրորդ դասի այս տողերի մեջ մեծ իմաստ ու ճշմարտություն տեսա, բայց ինձ դուրը եկավ հատկապես երրորդ դասը.

Արիությունը միշտ էլ կրթահամալիրցիների բնորոշ գիծն է եղել:

Արիություն՝ ընդդեմ կաղապարվածության և հարմարվողականության:

Իմ կարծիքով այս մի քանի  բառով ասվում է կրթահամալիրի անձեռնամխելի, ամենակարևոր հատկությունը:

Դաս յոթերորդ՝ միշտ աշխատել ընթանալ ոսկե միջինի ուղով` վեհանձնության հետ խոնարհամտություն, հրամայելու ժամանակ համեստ, խիստ, բայց քաղցրահամբույր, խորագետ, բայց ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, բայց ոչ անզգույշ և գաղտնամատնիչ, կիրթ, բայց ոչ կեղծավոր, բարեմիտ,բայց ոչ նվաստախոհ և ծառայամիտ, ու այդ ոգով էլ կրթել սաներին: Այս մանկավարժական երազանքը կկենսագործվի լոկ այն ժամանակ, երբ կդառնա ամենպահյա ուղեցույց։ Դեռ այդպես չէ:

Սա շատ կարևոր ու դժվար իրականացվող միտք է, եթե խորանում ես պատմության մեջ, տեսնում ես, որ այս խոսքերը շատ իմաստալից են: Բայց եթե կարողանաք այս ամենը համատեղել, (ինչը իմ կարծիքով դեռ երկար, շատ երկար ժամանակ կմնա խնդիր), դուք կհասնեք կատարելության 60%-ին:

Արեն Պողոսյան

Այս բոլոր իննը դասերն էլ բնորոշում են իսկական ՍԵԲԱՍՏԱՑՈՒՆ:Չորրորդ, յոթերորդ և ութերորդ դասերը ամենից շատ են բնորոշում ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐԻՆ: Մեր կրթահամալիրում նույնպես պահպանում են սովորողների անկեղծությունը, պարզությունը, բայց նաև դրա հետ մեկտեղ կարողանում են սովորողներին դասավանդել և սովորեցնել ճիշտը: Կրթահամալիրը նույնպես փորձում է բոլոր սովորողներին ցույց տալ միջին, ոսկե ուղին, որ նրանք երբեք չսխալվեն և չշեղվեն իրենց ճանապարհից:Մեր կրթահամալիրը սովորեցնում է սովորողներին դժվարության դեմ պայքարել, հաղթահարել բոլոր դժվարությունները և չընկճվել. այ սրանք են իսկական ՍԵԲԱՍՏԱՑՈՒՆ բնորոշող հատկանիշները:

Սվետլանա Մելքումյան

Այո՛, թերևս կրթահամալիրը լավագույնն է, Երևանի դպրոցներից ամենանմանն է Մխիթարյան միաբանությանը, սակայն նաև որոշ թերություններ ունի, հուսով եմ՝ բոլորը շուտափույթ կլուծվեն:

Արամ Պետրոսյան