24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Իմ առաջին քայլերը կրթահամալիրում

Գրում է Միջին դպրոցի «Մուտք»- ի ճամբարական Վիկա Ավետյանը

Ես եկել եմ 131 դպրոցից, դեռ այնտեղ  գրանցված եմ: Սովորում եմ 8-րդ դասարանում: Մինչ այստեղ գալը կրթահամալիրի մասին լսել եմ շատ դրական արձագանքներ: Ասում էին, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տարբերվում է մնացած բոլոր դպրոցներից: Գուցե թվա, թե ուռճացնում եմ, բայց ես 5-րդ դասարանից մինչև 8-րդ դասարան տեսել եմ անարդարություն, միմյանց հանդեպ չարություն և նախանձ, կեղծ ընկերություն: Այս ամենից հետո ես մի պահ հիասթափվել էի կյանքից, սակայն բոլորս գիտենք, որ ամեն դժվարություն կարելի է հաղթահարել: Եղբայրս սովորում է «Իրական» դպրոցում, նա տարիքով ավելի մեծ է: Ծնողներս առաջարկեցին, որպեսզի ես էլ փորձեմ ինձ գտնել կրթահամալիրում: Երբ առաջին քայլն արեցինք և եկանք կրթահամալիր, արդեն ամեն ինչ հետաքրքիր էր: Մեզ առաջարկեցին մասնակցել «Մուտք» ճամբարին: Այսօր ճամբարի առաջին օրն էր, և ես վերադառնում եմ տուն մեծ տպավորություններով: Ճիշտ է, այսօր ես մենակ էի ճամբարում, բայց ընկեր Մարալն ասաց, որ վաղը ևս երկու ճամբարական կմիանան ինձ: Այսօրվա օրը սկսվեց երգով ու պարով, ինձ ասել էին, որ ամեն օրն է այդպես սկավելու: Ասեմ, որ ես պարել շատ եմ սիրում: Այդ ամենն առավոտյան բարձրացնում է մարդու տրամադրությունը, և մարդը ուժ է հավաքում օրը շարունակելու համար: Դպրոցում ամեն ինչն է հետաքրքիր, պատերին շատ նկարներ կան, գույներ: Ինձ գրավեցին դպրոցի բուսերը, այնքան կանաչ էր տարածքը: Ես իմացա, որ ինքս էլ պետք է խնամեմ դրանք, երբեք անտարբեր չլինեմ դրանց նկատմամբ: Պարտեզը նույնպես շատ գեղեցիկ էր, բոլոր մուտքերը գեղեցիկ և խնամված էին: Ես ունեցա նաև մեդիակրթության պարապմունք, ծանոթացա, թե ինչպես են սովորում այստեղ,ասեմ, որ շատ հետաքրքիր և անծանոթ ձևով: Ես այսօր սկսել եմ կավով աշխատել: Ինձ համար շատ հաճելի էր, քանի որ կավը հանգստացնում է մարդուն և մեծ հաճույք է պատճառում: Ինձ համար շատ կարևոր է, որ ուսուցիչները հասկանալով և սիրով մոտենան ինձ, երևում է, որ այստեղ այդպես էլ անում են: Ես շատ լավ տրամադրություն ունեմ, անհամբեր սպասում եմ վաղվան: Այսօր ընկեր Մարալն ասաց, որ իմ գրածն ինքը կտեղադրիի, իսկ վաղն արդեն ես կունենամ իմ բլոգը և ինքս կտեղադրեմ նյութեր: Հուսով եմ, որ ամեն անգամ այսպիսի մեծ տպավորություններով կրթահամալիրից կվերադառնամ տուն: