23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծիսական տեխնոլոգիայի սրահի նորամուտ

Այսօր կրթահամալիրում  տեխնոլոգիայի ծիսական սրահի նորամուտն էր, որին ներկա էր կրթահամալիրի տնօրենը, մեր վաղեմի բարեկամ և գործընկեր Ժիրայր Չոլակյանը, որն այս անգամ մեզ այցելության էր եկել Կանադայում բնակվող իր եղբոր՝ Վարդանի հետ։ Պարոն Ժիրայր Չոլակյանը ներկայացրեց «Մկնիկներ» ուսումնական կենտրոնի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համատեղ ամառային ճամբարների նախագծերը, որոնք կիրականացվեն և՛ Արատեսում, և՛ Փարիզում։

Ի դեպ, օրը պատահական չէր ընտրված՝ այսօր քոլեջի ղեկավար Տաթև Բլեյանի ծննդյան օրն էր և սրահի բացումը նվիրվեց նրան։ Ծիսական տեխնոլոգիայի սրահում այսօր ներկայացվեցին այն գործունեության ձևերը, որոնք այսուհետ գործելու են այդ տարածքում՝ Հայրենագիտական ակումբում՝ տեխնոլոգիա, դիզայն, գորգագործություն, ինչպես նաև ծիսական պար ու երգ։ Տարածքը վերակառուցման, վերափոխման փուլում է՝ աշխատանքները դեռ ընթքացքի մեջ են։ Տարածքի խնամքն ու դիզայնը նույնպես տեխնոլոգիական աշխատանք է, որը «Ձոն» ստուգատեսի նախագծերից մեկն է և իրականացվում է սովորողների հետ համատեղ։ Այս սրահում են պատրաստվում նաև Մայր դպրոցի գարնանային ձևավորման պարագաները։

Բացման արարողության ընթացքում գորգագործ սովորող  Էլեն Կարապետյանը կտրեց իր առաջին գորգը․ սա նույնպես ծիսական արարողակարգ է։

Օրվա շրջայցի ընթացքում տիար Բլեյանը ներկայացրեց կրթահամալիրի զարգացման ծրագրով կարևորվող արևային մարտկոցների ձեռքբերումն ու տեղադրումը։ Նա այդ նախագծին հրավիրեց ոչ միայն սովորողներին, այլ նաև դասավանդողներին և սովորողների ծնողներին։