Յոհաննես Բրամսը ծնվել է 1833 թվականի մայիսի յոթին։ Սկզբնական շրջանում ընտանիքը բնակվում էր Համբուրգի Գայնգֆիերթել թաղամասում, այնուհետև տեղափոխվում է փոքրիկ Դամմթորվալ արվարձան։ Վաղ տարիքից նրա մոտ ի հայտ են գալիս երաժշտական տաղանդի հատկանիշներ։ Յոհաննեսը շատ աշխատասեր և կարգապահ էր։ Հայրը ցանկանում էր, որ Յոհաննեսը դառնա մեծ երաժիշտ։ Սկզբում նա սովորում է ջութակ նվագել, բայց շուտով անդրադառնում է դաշնամուրին: Բրամսի հայրը կաբարեի երաժիշտ էր և հաճախ Յոհաննեսին տանում էր իր հետ։ Չնայած կաբարեի մթնոլորտը շատ վատ ազդեցություն էր ունենում երիտասարդի վրա, բայց այնուամենայնիվ, նա այդպիսով իրեն մոտ էր զգում երաժշտությանը։ Յոթ տարեկանից նա դաշնամուրի դասեր է առնում Օտտո Ֆրիդրիխ Վիլլիբարդ Քոսսելից: Քանի որ ընտանիքին աշխատող ուժ էր պետք, Յոհաննեսը սկսում է որպես դաշնակահար աշխատել տարբեր պարային ակումբներում։ Մանկության հիշողություններից Բրամսը պատմում է, որ միշտ ժամանակ էր գտնում ստեղծագործելու համար՝ առավոտյան, ազատ ժամերին, հանգստի ժամանակ, իսկ երեկոյան դաշնամուր էր նվագում կաբարեներում։ 1847 թվականին գերհոգնածության պատճառով նա մեկնում է հանգստանալու և այստեղ նա հայտնաբերում է գրականության գոհարները։ Սերը գրականության հանդեպ իր մեջ կար դեռ բավական վաղուց՝ մոր շնորհիվ։ Նա իր վերջին ունեցածը տալիս էր գրքավաճառներին և գնում էր Սոփոկլես, Դանթե, Կիկերոն, Ժան Պոլ, Գոտհոլդ Լեսսինգ, Ֆրիդրիխ Շիլլեր, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Ժոսեֆ ֆոն Այշենդորֆ, Ադելբերտ վան Շամիսսոևայլոց գրքերը:
Նա շարունակում է իր ուսումը տարբեր դաշնակահարերի մոտ։ Քոսսելից հետո աշակերտել է նաև դաշնակահար Էդուարդ Մարքսենին, որը իր հերթին սովորել էր Վիեննայում և եղել էր Իգնազ ֆոն Զեյֆրիդի և Կարլ Մարիա ֆոն Բոքլեթի աշակերտը։ Սկզբնական շրջանում Բրամսը նվագում է տարբեր համերգներ Համբուրգում և շրջակայքում, բայց մեծ համբավ ձեռք չի բերում որպես դաշնակահար։ Նա հայտնի է դառնում իր առաջին շրջագայությունից հետո։ Բրամսը վաղ տարիքից սկսում է ստեղծագործել և կատարել տարբեր իմպրովիզացիաներ։ Արդեն 11 տարեկանում նա իր ուսուցիչների աշակերտների կատարած ստեղծագործությունների հիման վրա իմպրովիզներ էր անում։ 1862 թվականին Բրամսը վերջնականապես հաստատվում է Վիեննայում և շատ շուտ ընտելանում է այս քաղաքին։ Այստեղ նա իրեն զգում է ինչպես իր տանը։ Վիեննայում ապրած ժամանակ Բրամսը գրում է իր ստեղծագործական գլուխգործոցները՝ Գերմանական Ռեքվիեմը, չորս սիմֆոնիաները, երկրորդ դաշնամուրային կոնցերտը, հունգարական պարերը և մի շարք ստեղծագործություններ կամերային կատարման համար։ Բացի կոմպոզիտորական գործունեությանը Բրամսը ելույթ էր ունենում որպես դաշնակահար՝ կատարելով Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի և Ռոբերտ Շումանի վիրտուոզ ստեղծագործությունները։ Նա ջութակահար Յոզեֆ Հելլմեզբերգերի հետ կատարում է իր «Սոլ մինոր» դաշնամուրային կվարտետը և այս ջութակահարը նրա անվանում է «Բեթհովենի հետևորդ»: Այս արտահայտությունը մեծ համբավ է ձեռք բերում, սակայն Բրամսը դրան այդքան էլ հավանություն չի տալիս և ինքն իրեն համարում է ոչ թե Բեթհովենի հետևորդ, այլ Բեթհովենին հավասար կոմպոզիտոր։ 1863 թվականին Բրամսը դառնում է Վիեննայի Երգի Ակադեմիայի խմբավարը։ Աշխատանքի անցնելուց հետո միանգամից կենտրոնանում է Բախի, Հենրիխ Իսահակի, Գաբրիելիի Շուտցի և այլ ավելի հին կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա։ Նա նաև կատարում է իր ժամանակակիցների՝ Շումանի և Բեթհովենի ստեղծագործությունները։ 1864 թվականին նա հրաժարվում է այս պաշտոնից, քանի որ խմբավարի աշխատանքը նրանից մեծ ժամանակ էր խլում, որը նա կարող էր հատկացնել կոմպոզիցիային և շրջագայություններին։ Բրամսը շրջագայությունների մեծ սիրահար էր։ Այս ժամանակաշրջանում նա գրում է իր «Գերմանական Ռեքվիեմը», որը արտասովոր էր նրանով, որ ամբողջովին գերմաներեն էր։ Ստեղծագործությամ մեջ կա մեծ ներշնչանք քաղված Աստվածաշնչից։ Կոմպոզիտորը այն գրել է իր մոր մահվանից հետո։ Ստեղծագործությունը միանգամից արժանացել է քննադատների և հանրության հավանությանը։ Ռեքվիեմից հետո Բրամսը գրել է իր «Հունգարական պարերը»: Այս ստեղծագործության վրա եղել են բազմաթիվ տարաձայնություններ։ Քանի որ Բրամսը այս պարերը գրել է հունգարական և գնչուական երաժշտության հիման վրա և օգտագործել է բազմաթիվ հայտնի եղանակներ, գտնվել են տարբեր կոմպոզիտորներ, որոնք ցանկացել են ապացուցել, որ հենց իրենք են այս պարերի իրական հեղինակները, փորձելով աղտոտել Բրամսի համբավը։ 1870 թվականին Բրամսը ծանոթանում է դիրիժոր Հանս ֆոն Բյուլովի հետ։ Բյուլովը սկզբնական շրջանում համարվում էր Վագների հետևորդ, բայց նրանից հետո, երբ նրա կինը՝ Կոզիմա Լիստը նրան լքեց և ամուսնացավ Վագների հետ, Բյուլովը մտավ Բրամսի հետևորդների շարքերը ։1872-75 թվականներին Բրամսը ստանձնում է Վիեննայի Արվեստի Ընկերների Կազմակերպության տնօրենի պաշտոնը։ Նա կատարում է բազմաթիվ շրջագայություններ, կամ որպես դաշնակահար, կամ սեփական հաճույքի համար։ Բրամսի համար մեծ բավականություն էր զբոսնել բաց երկնքի տակ. այդպես նա իրեն ավելի ազատ էր զգում։ Բրամսը իր չորս սիմֆոնիաները գրել է բավական կարճ ժամանակաշրջանում։ Համեմատելով մյուս ստեղծագործությունների հետ, որոնց բաժանում է ավելի երկար ժամանակաշրջան սիմֆոնիաները նա գրել է ընդամենը ինը տարվա ընթացքում։ Առաջին «Դո մինոր» սիմֆոնիան կատարվել է 1876 թվականի նոյեմբերի 4-ին Կառլսրուե քաղաքում, իսկ երկրորդ «Ռե մաժոր» սիմֆոնիան կատարվել է 1877 թվականի դեկտեբերի 30-ին Փորթշախում։ Շատ հաճախ Բրամսի առաջին սիմֆոնիան անվանվում է «Բեթհովենի տասներորդ սիմֆոնիա», քանի որ ոգով այն շատ նման է Բեթհովենի սիմֆոնիաներին։ Բոլոր չորս սիմֆոնիաներն էլ ունեն չորս մաս և իրենց կառուցվածքով հիշեցնում են դասական դարաշրջանը ։ Այնուամենայնիվ Բրամսը հոյակապ կերպով համատեղում է դասականը ռոմանտիկականի հետ։ 3-րդ սիմֆոնիան գրված է Ֆա մաժորում։ Այն կատարվել է 1883 թվականին Վիեննայում, իսկ 4-րդը՝ «Մի մինոր» սիմֆոնիան, նա սկսել է գրել 1884 թվականի ամռանը։ Այն կատարվել է 1885 թվականի հոկտեմբերի 25-ին Մայնինգենում։ Այս սիմֆոնիայի վերջին մասում Բրամսը օգտագործում է պասակալիայի ձևը և գրում է 30 վարիացիա պարունակող չակոննա, որի հիմքը վերցված է Յոհան Սեբաստիան Բախի 150 կանտատից։ Բրամսը չի գրել հինգերորդ սիմֆոնիա ասելով. «Բեթհովենը այն արդեն գրել է»:Բրամսի շիրմնաքարը Վիեննայի կենտրոնական գերեզմանոցում 1886 թվականին Բրամսը դառնում է Վիեննայի երաժիշտների կազմակերպության պատվավոր նախագահը։ Նա Վիեննայում վայելում էր մեծ կոմպոզիտորի փայլուն դաշնակահարի և հիանալի դիրիժորի համբավ։ 1890 թվականին 57-ամյա Յոհաննես Բրամսը որոշում է այլևս չստեղծագործել։ Սակայն կոմպոզիտորի հարուստ երաժշտական հոգին նրան թույլ չի տալիս վերջնականպես վայր դնել փետուրը։ Այս տարիներին նա հիմնականում գրում է կամերային երաժշտություն։ Բրամսը հիացած էր իր ժամանակի հանճարեղ կլառնետահար Ռիխարդ Մյուլֆելդով և նրան է նվիրում իր տրիոն՝ կլառնետի, թավջութակի և դաշնամուրի համար, կվինտետը՝ կլառնետի և լարային կվարտետի համար և երկու սոնատները կլառնետի և դաշնամուրի համար ։ Այս տարիներին նա գրում է նաև իր ջութակի և թավջութակի սոնատները և երկրորդ լարային կվինտետը ։ Նա գրում է նաև իր «Չորս լուրջ երգեր»-ը և «Տասնմեկ քառաձայն պրելյուդներ»-ը երգեհոնի համար։ 1896 թվականին Բրամսի մոտ ուռուցք է հայտնաբերվում։ Սկզբնական տվյալներով այն լյարդի ուռուցք էր, բայց հետագայում պարզվում է, որ իրականում այն ենթաստամոքսային գեղձի էր։ Նրա առողջական վիճակը գնալով վատանում է և նա մահանում է 1897 թվականի ապրիլի երեքին Վիեննայում՝ 63 տարեկան հասակում։ Նրա շիրմնաքարը գտնվում է Վիեննայի կենտրոնական գերեզմանոցում, որտեղ թաղված են նաև Լյուդվիգ վան Բեթհովենը և Ֆրանց Շուբերտը։
Հետաքրքիր է․․․
VOX casino — twoja brama do wyjątkowej frajdy
VDcasino Dijital Casino le nteraktif Deneyim Deneyimini Yaayn
Видеослоты в интернет-казино Вавада: типы и отличия