25.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարը՝ Սևանում

Պատմում է Հասմիկ Հակոբյանը:

Վերջապես եկավ այդ օրը՝ մեր առաջին ճամբար գնալու օրը։ Իմ կարծիքով, բոլորն էլ մի քիչ վախ ունեին կամ ուղղակի անհանգստացած էին, չէ՞ որ անծանոթ երեխաների հետ գնում են ճամբար։ Արդեն ավտոբուսում լարված լռությունը խախտվեց, երբ մենք սկսեցինք ծանոթանալ։ Այնքան հետաքրքիր էր լսել երեխաներին, իրենց պատմությունները, հումորները։ Այդպես էլ անցավ ժամանակը, մինչև մենք հասանք նշանակետին։ Առաջին զգացումը, որ եկավ դարպասներից ներս մտնելուց հետո, իմ հիացմունքն էր։ Տարածքն այնքան գեղցիկ էր, լցված լիքը փարթամ ու բարձր ծառերով։ Իսկ, երբ սենյակից դուրս ես նայում, աչքիդ առաջ Սևանի ջինջ ջրերն են։

Տարածքին ծանոթանալուց որոշ ժամանակ անց մենք սկսեցինք տարբեր խաղեր խաղալ՝ վոլեյբոլ, «Բադերն ու որսորդները» և 7 քար։ Ծիծաղելին այն էր, որ ես այդպես էլ չհասկացա, թե 7 քար ինչպես են խաղում, այդ պատճառով ուղղակի անում էի այն, ինչ ասում էին: Խաղերից հետո տղաները ուղևորվեցին լճի մոտ: Իսկ մինչ նրանք լողում էին Սևանի սառը ջրում, աղջիկները «լողում» էին ներկի մեջ: Մեզ հանձնարարված էր պատի վրա նկարչություն անել աբստրակտ ոճի մեջ:

Երեկոյան թեյի բաժակի շուրջ բոլորս նստած էինք խոհանոցում ու զրուցում էինք տարբեր թեմաներից, խաղում տարբեր խաղեր։ Արդեն շատ ուշ էր, այդ պատճառով մեզ ուղարկեցին մեր սենյակները։ Մեր հարևան սենյակում Սամվելն ու Միքայելը քարտ էին խաղում, մյուս սենյակում Գրիշն ու Արտյոմը արդեն քնած էին, իսկ Տիգրանը, Արնին, Արկադին ու Սամուելը ուղղակի ցածր ձայնով զրուցում էին։ Մենք՝ աղջիկներով սենյակում նստած էինք, ես ու Անին սարսափ պատմություններ էինք պատմում։

Հաջորդ օրը մենք ղեկավարներից շուտ արթնացանք, այդ իսկ պատճառով ժամանակ անցկացնելու համար սկսեցինք խաղալ։ Նախաճաշից հետո գնացինք պատրաստվելու, քանի որ պետք է սար բարձրանաինք։ Շուտով մենք սկսեցինք շարժվել։ Բացի մեր ղեկավարներից մեզ հետ եկան 2 տղա ավագ դպրոցից։ Անկեղծ ասած սկզբում բարձրանալը վախենալու էր, բայց երբ արդեն բավականին բարձրացանք, սովորական դարձավ ու էլ չեի վախենում։ Վերևից Սևանը այնքան գեղեցիկ էր, հատկապես երբ Արևն իր շողերը ուղղում էր լճի վրա։ Ես, Նարեն, Գոռը, Տիգրանը, Սամվելը, Միքայելը ու էլի մի քանի տղա առաջինը հասանք Արեգունու լեռնաշխթայի գագաթներից մեկի վրա։ Մենք հիանում էինք այդ գեղեցիկ տեսարանով, մինչ մնացածները բարձրանում էին։ Իջնելիս ես, Անին և Նարեն երգում ու ծիծաղում էինք։

Ահա, թե ինչպես անցավ մեր առաջին ճամփորդությունը։ Շնորհակալություն կազմակերպիչներին, երեխաներին ու բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել։