05.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Տեսա կրթահամալիրը՝ ապրող ու շնչող միջավայրով

Կրթահամալիրում անցկացրած օրերի մասին իր տպավորությունները գրով ամփոփում է Վարդենիկ համայնքի  սովորող Անի Ղումաշյանը․ 10-րդ դասարան

Մարտի 21- ին մենք՝ վարդենիկցիների խմբով, «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում  էինք։ Մինչ այցելությունը,  շատ եմ հետաքրքրվել կրթահամալիրով։ Հետաքրքրությունս տեղում կրկնապատկվեց: Այս դպրոցի սովորողների մեջ զգացվում է սեր ու ձգտում ուսման հանդեպ, կարևորվում է նաև նրանց ազատ ընտրելու իրավունքը  բազմաբնույթ նախագծերին մասնակցելիս: Գնահատեցի

  նրանց մեջ ապրող սերը մշակույթի, գիտության, երաժշտության և այն ամենի հանդեպ, ինչը համարվում է մնայուն, գնահատելի արժեք: Դպրոցական անձնակազմի մարդիկ իրենց պատրաստակամությամբ, կազմակերպվածությամբ, մեկը մյուսի հանդեպ տածած հարգանքով կարողացել են ստեղծել ամուր հիմքով, ստեղծագործ և հեղինակային հնչեղություն վայելող, կանխատեսելի ու անկախատեսելի, սովորողների համար փայլուն ապագայի մեծ հնարավորությունների մի ջերմ միջավայր: Ուշադրությունը դեպի բնությունը, շրջակա աշխարհը և առհասարակ ամեն ինչի հանդեպ հումանիտար մոտեցումը  ընդգծված էր այս դպրոցում: Առիթ եմ ունեցել կրթական ծրագրերով այցելելու տարբեր կրթական հաստատություններ, սակայն Սեբաստացի կրթահամալիրում զգացի մեծ ջերմություն և գործելու առույգություն:

Անկեղծ ասած՝ ամեն տեղ չէ, որ կարողանում եմ արագ ընտելանալ, բայց, ի զարմանս ինձ, այստեղ գտա ինձ, հաշտ էի ինձ զգում իմ ես-ի հետ հենց առաջին պահից: Նույնիսկ զուգահեռներ եմ տարել՝ համեմատելով կրթահամալիրը ջերմ ընտանեկան միջավայրի, տան հետ: Մեր եռօրյա այցելությունը շատ հիշարժան էր, հագեցած, հետաքրքիր և ուսուցողական: Ես միանգամից սիրեցի դպրոցը, ձեռք բերեցի անկեղծ ընկերներ: Մտքումս շատ գաղափարներ առաջացան, որոնք կփորձեմ նախաձեռնել և կյանքի կոչել Վարդենիկում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի տնօրենին՝ Աշոտ Բլեյանին, դպրոցի անձնակազմին՝ այդքան հոգատար վերաբերմունքի և ջերմ ընդունելության, հյուրընկալության համար: Համոզված եմ, որ սա դեռ սկիզբն էր մեր խմբերի համագործակցության։

Անի Կարապետյանի պատումն՝ այստեղ։