22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երեք օր` աշնաձմեռ Դիլիջանում

Աշնանային արձակուրդները սկսվել էին և կազմակերպվել էր եռօրյա ճամբար՝ դեպի Դիլիջան: Շատ անհամբեր էի․ պետք է ֆիլմեր նկարահանեինք, և ընկեր Մարալը վստահել էր ինձ ու Նարեկին, որի համար շատ շնորհակալ եմ: Չնայած նախապես ասել էին, որ լինելու են միայն տասնվեց տղա (ես արդեն պատկերացնում էի հյուրատան վիճակը), սակայն ճամփորդության եկան նաև երկու գեղեցկուհի քույրերը՝ Նանեն և Նվարդը: Վերջապես միկրոավտոբուսը շարժվեց, բոլորիս տրամադրությունը շատ բարձր էր: Չնայած ես էլ չէի կարողանում սուս մնալ, բայց հասցրեցի պատուհանից նկատել անկրկնելի տեսարաններ, հատկապես գեղատեսիլ Սևանը: Սևանում կանգնեցինք և ափին մի կտոր հաց կերանք: Չնայած Սևանի ցրտին` մենք մեզ շատ լավ էինք զգում: Եթե մի քիչ տաք լիներ, միգուցե նստեի և ընկերներիս հետ հիանայի Սևանով…

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. Տեղավորում

Վերջապես հասանք Դիլիջան: Գեղեցիկ հյուրատունը գտնվում էր Երկրաբանական թանգարանից երկու քայլ այն կողմ: Մեր սենյակում վեց հոգով էինք՝ ես, Նարեկը, Հայկը, Առնոն, Ակսելը, Դանիելը:

Տեղավորումից անմիջապես հետո սկսվեց պատերազմ Համբարձումի դեմ, նա ուզում էր մեր սենյակ ներխուժել հենց ա՛յն  ժամանակ, երբ հազիվ ուզում էինք հանգստանալ: Հանգիստ ցերեկ չանցկացրինք: Ի վերջո, Ակսելը կատաղությունից սենյակի դուռը բացեց ու թռավ Համբարձումի վրա, ափսոս, չհասցրեցի նկարել, ախր ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱԴՐ ԷՐ: Հանկարծ լսվեցին ոտնաձայներ․ ընկեր Մարալն էր: Բոլորս թռանք սենյակ, Համբարձումին էլ “տեղավորեցինք”՝ թաքցրեցինք, իսկ մենք սկսեցինք ՛՛Ունո՛՛ խաղալ, իբր թե բանից անտեղյակ։🙂
Եվ երևի ստացվեց: Չբռնվեցինք:

 

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. Գոշավանք

Պատրաստվում ենք գնալ Գոշավանք: Գտնվում է Գոշ գյուղում: Սպասումներս արդարացան, Գոշավանքը իրոք գեղեցիկ էր: Աղոթելով, նկարելով և հիանալով մենք սկսեցինք շրջել վանքի շուրջը և գտանք մի պարսպապատ, առանց տանիքի տարածք: Կարծես հատուկ պատվիրված տարածք լիներ՝ “Կինոպոեզիա” նախագծի համար: Տղաներից ոչ ոք չկարողացավ ճիշտ առոգանությամբ կարդալ Տերյանի բանաստեղծությունները: Նանեն և Նվարդը փրկեցին: Բայց մենք էլ պարապ չմնացինք: Նկարահանեցինք աղջիկներին և Արթուրին ու Նարեկին, ովքեր կիթառի դասերի են գնում և նվագեցին տերյանական այդ ռոմանտիկ միջավայրում:
Ֆիլմերը շուտով՝  Մեծ էկրանին🙂🙂🙂😀

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ.Ակսելի հարձակումը

Արդեն քնելու ժամն էր երբ Նարեկը որոշեց նվագել մեզ համար: Մենք ուշադիր ունկնդրում էինք նրան և աստիճանաբար քնում: Մեկ էլ մեր անդորրը խանգարեց Ակսելը՝ իր վերմակով ուրվականի տեսք ստացած՝ ներխուժելով մեր սենյակ:

ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ.Ձյուն է գալիս

Առավոտյան մեզ անակնկալ էր սպասվում՝ տեղացող մանր ձյունը: Չնայած որ չէր նստում, մենք, մոռանալով մեր աղմուկ աղաղակը, սկսեցինք զմայլվել ձյունով: Հանկարծ մեր մտքերը թռան այլ՝ բարի աշխարհներ, սկսեցինք հարգանքով մոտենալ աղջիկներին, որոնք աշխատում էին խոհանոցում, Ակսելն ու Համբարձումը հաշտություն կնքեցին, և մեր՝ վերևի հարկից, ոչ մի դրմբոց ու դմբդմբոց էլ  չլսվեց:

Իջանք ճաշարան: Օ, այսօր իմ սիրելի քացրավենիքն է սեղանին՝  խտացրած կաթը: Թեյ խմեցնք,  զրուցեցինք, մաֆիա խաղացինք  և սկսեցինք պատրաստվել Հաղարծին գնալուն:

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ.Հաղարծին

Միկրոավտոբուսը դանդաղ բարձրանում էր լեռը, որտեղ գտնվում է Հաղարծինը: Աշունն աստիճանաբար վերածվեց ձմռան:  Պատկերացրեք տղաների ոգեւորությունը: Աշնան կեսին ձնագնդիկ են խաղում: Ամենից շատ տուժեց Առնոն. վերջում ամբողջ մարմնով ընկնել էր ջրի մեջ: Մոտ 10 րոպե չտեսանք նրան, տեսադաշտից կորել էր: Երբ վերջապես հայտնվեց, ներեց իրեն  “տանջողներին” և հաշտություն կնքվեց:

Ես Հաղարծինում եղել էի շատ վաղուց և համարյա ոչինչ չէի հիշում: Այսօր վերջապես տեսա վանքը: Ասում են այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին: Հավատացեք՝ այդպես է, որ կա: Մայրիկս ասում է՝  բա ինչքա՜ն սիրուն կլիներ, եթե  տեսարանը աշնանային լիներ: Շրջապատի ձյունաճերմակ անտառները երևակայական տրամադրություն էին ստեղծում ինձ համար…
Շատ բան հասցրեցինք անել Հաղարծինում, և՛ նկարվել, և՛ ձնագնդիկ խաղալ, և՛ նույնիսկ ընկեր Մարալի հետ սելֆի անել:

ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ.Այցելություն ԱՅԲ

Հաղարծինից հետո այցելեցինք Դիլիջանի կենտրոնական դպրոց՝ ԱՅԲ, այնտեղ պետք է հանդիպեի իմ առաջին ուսուցչուհուն՝ տիկին Նունուֆարին: Գրեթե երեք տարի նրան չէի տեսել. ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ մի քանի րոպեով: Մի խոսքով, շատ էի սպասում այդ օրվան և այդ այցելությանը: Դպրոցի երեխաներից մեծ մասին ծանոթ էի այբական խաղերից, որին մասնակցում եմ որպես այբեցի Մարիամի եղբայր🙂 Դիլիջանի ԱՅԲ-ի տղաների տասը տոկոսի հետ ֆուտբոլ եմ խաղացել Երևանում:

ԱՅԲը արտաքնապես շատ գեղեցիկ էր, կարծես Հայաստանում չլինեի, այլ ուրիշ մի դպրոցում: Նրանց դասարանները տնակների նման էին: Տեսա տիկին Նունուֆարի դասարանը և նկարվեցի նրա հետ: Դասարանում զգացի այն շունչը, որ զգացել էի ուղիղ երեք տարի: Միայն ու միայն լավ հիշողություններ:

ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ.Մեր ամենամաքուր սենյակը

Այնքան էինք դմբմբացրել հատակը մի սենյակից մյուսը մեր վազքով,  որ ի վերջո հյուրատան տնօրինությունը խիստ նկատողություն հայտարարեց մեզ: Տղաներով որոշեցինք մեր սենյակն այնպես հավաքել, կարգի բերել, ասես մարդ էլ չէր եղել այնտեղ: Առնոն դարձավ հավաքարար, Նարեկը տեղաշոր հավաքող, Ակսելը լոգարանի պատասխանատու, Դանիելն ու Հայկը սենյակը ամեն տեսակ ոտնահետքերից ազատելու պատասխանատուներ: Ես ու Նարեկը Մաֆիայի երեկոյի հրավերներ գրեցինք: Ում ասես հրավիրեցինք, նույնիսկ ուսուցիչներին և աղջիկներին: Վերջում մի անկյուն քաշեցինք մեր անընդհատ կոտրվող սեղանը:

ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ.Թիկնապահների ջոկատ

Ես ու Ակսելը դարձանք սենյակի թիկնապահները, ավելի ճիշտ՝ պահապանները: Ես պետք է ստուգեի, թե սենյակ մտնողները հրավիրված են, թե ոչ: Իսկ Ակսելը ստիպում էր նրանց մաքրել ոտքերը շքամուտքի մոտ:

Առաջինը համեցավ Համբարձումը, որը պաշտոնական ձայնով ասաց.

-Մեր սենյակը հաճույքով ընդունել է ձեր հրավերը, շատ զգացված է, ձեզ բերել եմ քաղցրավենիք:

Ստուգելով տեսա, որ միայն վնասակար բաներ էին, բայց նրան թողեցի ներս:

Չնայած մեր սուրհանդակն ասում էր, որ աղջիկներն ասել էին՝ երկու րոպեից կգանք, այնուհանդերձ նրանք չեկան: Հնարավոր է սուրհանդակն է խաբել մեզ, սակայն  գալն ու չգալն, իհարկե, աղջիկների իրավունքն էր: Մենք ուրախ կլինեինք:
Այնուամենիվ մեր երեկոն անցավ հրաշալի:

ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ.Մաֆիայի երեկոն

Այդ երեկոն անմոռաց է:  Ես խաղացի իմ կյանքի ամենալավ, ամենահաջողված մաֆիան:

Ես սև էի ու փորձում էի նկատել սխալներ կարմիրների կողմից և դրանք ներկայացնելով՝ համոզել բոլորին, որ նրանց, որպես սև, հանեն: Չնայած դրան՝ կարմիրները հանեցին Դոնին և մյուս սևին (Դոնը Ակսելն էր), սակայն ես կարողացա ծլկել և գիշերը հանեցի Դանիելին, ով շերիֆն էր, դրանից հետո շատ տխրեցի (ձևական), և սկսվեց քննարկումը, որում ես հիշեցրի նրանց, թե ինչպես Հայկին կասկածելու ժամանակ Արթուրը փորձեց ինչ-որ բան ասել, այսինքն պաշտպանել (խեղճ Արթուրը սև չէր իրականում): Իսկ Արթուրը արդեն դուրս էր եկել և մնաց միայն Հայկը: Այդպես էլ ես պաշտպանվեցի: Հաջորդ գիշեր սպանեցի ընկեր Մարգարիտին (մեղա, Աստված, մարդ էլ սպանի տնօրենին🙂): Ընկեր Մարգարիտին ամենաշատը կասկածում էր Հայկը: Ընկեր Մարգարիտն իր վերջին խոսքում հորդորեց մնացած երկու կարմիրներին (Համբարձումին և իբրև ինձ) հանել սև Հայկին: Քննարկման ընթացքում թեկնածություն չեղավ, որովհետև ռիսկային էր: Հաջորդ քայլը ինձ համար խաղուպար էր: Սպանեցի Հայկին: Սևերը հաղթեցին: Ընկեր Մարգարիտը սպանելու ընթացքում տեսավ ինձ, ձեռքի շարժումով կարծես ասաց՝ այ, այ, այ, բայց իրականում ոչինչ չասաց:  Ստացվեց, որ ես միայնակ հաղթեցի և հաղթանակս նվիրեցի իմ, թեկուզ և սեև, բայց  թիմին:🙂

ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ.Ձմռան հոտ

Դրսում տեղատարափ ձյուն էր: Հանկարծ զգացի ձմռան հոտը, այո՛: Փորձում էինք տաք տեղավորվել, չմրսել:  Ակսելը դուրս եկավ պատշգամբ ու հիացմունքի ճիչ արձակեց: Տղաներով դուրս թռանք պատշգամբ, ու ես տեսա ձյունը, իսկական՝ նստող ու հիանալի ձյունը: Ձյուն էր տեղում ու ես հիշեցի Նոր տարվա ժամանակները: Ու զգացի, որ դրանք կրկին մոտենում են: Այնքան եմ սիրում այդ հոտը, հատկապես, երբ երկար ժամանակ չզգալուց հետո առաջին անգամ եմ զգում: Հետո արդեն սովորում ու չեմ նկատում:

Բառացի ասած՝ ցրտի հոտն եմ սիրում, միգուցե դուք վիճեք հետս, ասելով որ այդպիսի հոտ չկա, սակայն ես այն զգում եմ, ինչ ուզում եք, ասեք:

ԳԼՈՒԽ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ.Հարևանները

Որտեղից որտեղ՝ Դիլիջանի հյուրատան մեր հարևանները ամերիկացիներ էին:   Եթե մի վայրկյանով լուռ մնայինք, կլսեինք անգլերեն բառեր: Մի անգամ նույնիսկ տեսել եմ նրանցից մեկին: Իսկ մի անգամ նրանց կիսաթափանցիկ դռան հետևում  ինչ-որ արագ-արագ խփվող, շարժվող սև օբյեկտ տեսանք : Որոշեցինք լուռ հեռանալ, մտածելով, որ մեր աղմուկից են խելագարվել: Մոտ մի ժամ Նարեկը կիթառ էր նվագում, որպեսզի նրանք հանգստանային։🙂 Ոնց-որ թե հանգստացան: Ի դեպ, Համբարձումենց սենյակի կողքն էլ ռուսներ էին ապրում: Թող ներեն նրանք մեզ, որ խաթարեցինք նրանց հանգստի մի մասը՝ մեր աղմուկ-աղաղակով: Եթե մենք նրանց վերևը ապրեինք, ապա… պատկերացնել չեմ ուզում։🙂

ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ.Կատաղի ձնեմարտ

Առավոտյան արթնանալով՝ տեսանք լավագույնը․ մոտ երեսուն սանտիմետր ձյուն էր նստել: Իհարկե, բոլորիս նպատակն էր արագ ուտել նախաճաշը և անցնել ձնեմարտի: Նախապես տաք-տաք թեյ խմեցինք ու… Ձնեմարտի զոհը դարձավ Համբարձումը, որովհետև չգիտես ինչու բոլորը (ես էլ) նրա դեմ էին կռվում: Ցավոք ստացանք ձնագնդիկի հարվածներ դեմքի շրջանում, իսկ մի անգամ Համբարձումը փոքրիկ շինության տանիքի ձյունը ամբողջովին թափեց մեր գրոհայինների վրա, որի պատճառով մենք մի քանի րոպե սսկվեցինք, իսկ նա սկսեց վերհզորանալ` թափահարելով ձեռքերը և նոր ձնագնդիկներ սարքելով: Սակայն մենք հաշվեհարդար տեսանք, արդյունքում նա դարձավ սպիտակ ձնեմարդ, իսկ վարորդը ստիպված եղավ շուրջ տաս րոպե նրան թափ տալ:🙂  Մանրամասները` ֆոտոշարքում:

ՇՆՈՐՀԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՐԱՏԱՆԸ, ՎԱՐՈՐԴԻՆ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՍ, ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՍ՝ ԱՅՍ ՀԱՃԵԼԻ, ԱՆՄՈՌԱՑ ԱՇՆԱՁՄԵՌԱՅԻՆ ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ՕՐԵՐԻ ՀԱՄԱՐ։

Նյութը՝ լուսանկարներով՝ բլոգում։

Արամ Պետրոսյան, 6-րդ դասարան։