23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սևանի մասին․իսկ  գիտե՞ք որ․․․

Սեւանա կղզին (այժմ` թերակղզի) դեռեւս անհիշելի ժամանակներից սրբատեղի է եղել: Հեթանոսական ժամանակներում այնտեղ բագին է եղել, որը կործանել եւ նրա տեղում Ս. Հարություն եկեղեցի է հիմնադրել Ս. Գրիգոր Լուսավորիչը: Պատմական աղբյուրները եւ վաղ քրիստոնեական ավանդությունը վկայում են, որ նա հայոց Տրդատ արքայի պատվին կառուցել է տալիս նաեւ Ս. Հովաննես Կարապետ մատուռը (հայտնի է, որ Տրդատ արքան մկրտվելուց հետո ստացել է Հովաննես անունը): Հետագայում այդ մատուռի հիման վրա կառուցվել է Ս. Հովաննես Կարապետ եկեղեցին, որը կանգուն է մինչ օրս: Հավանաբար հենց Ե. դարի սկզբից էլ կղզին, հետագայում նաեւ լիճը ստանում են Սեւան անվանումը: Ավելի վաղ լիճը կոչվել է Գեղարքունյաց ծով: Ըստ ավանդության, հեթանոսական մեհյանը կործանելուց հետո Գրիգորը եւ Տրդատը կղզին կոչում են «Սա է վան», ցանկանալով ասել, որ կռատունը վերածվել է վանքի: Ասենք, որ հայագիտության մեջ կան Սեւան անվան այլ բացատրություններ եւս: Հիմնադրման պահից Սեւանա անապատը նվիրված է եղել Ս. Աստվածածնին եւ տասներկու առաքյալներին:
Դրանից հետո շուրջ 400 տարի Սեւանավանքի, նրա հոգեւոր կյանքի մասին էական տեղեկություններ չեն պահպանվել եւ միայն 703թ. վերաբերող մի դեպքի մասին ունենք Հովհ. Դրասխանակերտցու վկայությունը: Ըստ այդ վկայության, 703թ. արաբ ոստիկան Մրվանը գրավում է կղզին, ավերել տալիս կղզու բերդը եւ սրի քաշում շրջակա բնակավայրերում ապաստանած բնակչությանը: Ակներեւաբար, կղզին այդ ժամանակ վանք եւ աղոթատեղի լինելուց բացի վերածվել էր նաեւ պաշտպանական ամրության:
Սեւանավանքի հոգեւոր կյանքի իսկական վերածնունդը պիտի համարել 9-րդ դարը: Այդ վերածնունդը կապվում է Աշոտ Ա. Բագրատունու դուստր, Սյունյաց Վասակ Գաբուռն իշխանի այրի Մարիամի եւ Մաշտոց վարդապետ Եղիվարդեցու անունների հետ: Մաշտոց Եղիվարդեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս է եղել 897-898թթ.:
Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Մաշտոցը Սեւանի ափին ճգնելու ընթացքում տեսիլք է տեսնում. նրան հրամայվում է կղզում եկեղեցի կառուցել տասներկու առաքյալների անունով եւ միաբանություն հաստատել: Նման աստվածային մղումից դրդված` այստեղ է գալիս նաեւ Սյունյաց իշխանուհի Մարիամը, ով ամուսնու մահից հետո խոստացել էր քառասուն եկեղեցի կառուցել: «Ահա այս երեւումից եւ աստվածային ազդեցությունից մղված` մեծ տիկին Մարիամը` Վասակ Սյունու կինը, գալիս է Ս. Մաշտոցի մոտ եւ նրա համաձայնությամբ, ձեռնարկում է կառուցել գեղեցկատես եկեղեցիները` Ս. Առաքելոցը եւ Ս. Աստվածածնի»,- վկայում է Ստ. Օրբելյանը:
***

Եկեղեցիները կառուցելուց հետո վանք ուխտի է գալիս Հայոց իշխանանց իշխան Աշոտը եւ բազում նվերներ է տալիս, այդ թվում եւ Խաչի փրկական նշանը, որը ժողովրդի մեջ հայտնի է «Սեւանի Սուրբ Նշան» անվանումով: Ըստ ավանդության Սուրբ Նշանը պատրաստված էր այն կոնքից, որի մեջ Տիրամայրը լողացրել էր մանուկ Հիսուսին:
Ահա այս ժամանակաշրջանից սկսած, Մանվել վարդապետ Կյումուշխանեցու բնորոշմամբ, Սեւանավանքը դառնում է «առաջնորդարան եւ ուսումնասեր անձանց վարժարան»: Այն Հայոց աշխարհի կարեւոր անապատական, հոգեւոր, մշակութային եւ ուսումնական կենտրոններից մեկն էր: Սեւանավանքը հայտնի էր նաեւ իր սրբություններով, որոնցից (վերը նշնած Ս. Նշանից բացի) նշանավոր են նաեւ Ս. Աստվածածնի հրաշագործ պատկերը, որի առջեւ աղոթելով բուժվեց Մխիթար աբբահայրը (Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրիը), Տրդատ կազմողի ձեռքով 1653թ. քանդակած խաչքարը, որն այժմ գտնվում է Ս. Առաքելոց եկեղեցում, Ս. Հովաննես Մկրտչի մասուքը, խաչի մեջ զետեղված Պետրոս առաքյալի մասունքը, Ս. Գեւորգի մասունքը, ալյ բազում սրբություններ:  Հնում Սեւանավանքի եւ նրա սրբությունների համբավը շատ մեծ է եղել: Երեք անգամ Սեւան ուխտի գալը հավասար է համարվել Երուսաղեմ ուխտի գնալուն:

***

Ժ. դարի առաջին քառորդին Սեւանա կղզին դարձյալ հզոր ամրություններ ուներ եւ հենց այստեղ էլ պատսպարվեց հայոց Աշոտ Բ. թագավորը, ով էլ 921թ. ջարդ տվեց արաբներին: 995թ. սաստիկ երկրաշարժից քանդվում է Ս. Հարություն տաճարը, ինչպես նաեւ խարխլվում է Ս. Կարապետ մատուռը, որը հետագայում վերականգնվում է որպես գմբեթավոր կառույց: 1610թ. Սեւանի մենաստանը գլխավորում է Կարապետ եպիսկոպոս Էջմիածնեցին, որ Մայրավանքի միաբանության օրինակով վերակազմում է Սեւանի միաբանությունը: Իսկ 1654թ. թիֆլիսաբնակ եղբայրներ Սուլխան, Զալ եւ Զորապ Չիթաղյանների օժանդակությամբ նորոգվում են Ս. Առաքելոց եւ Ս. Աստվածածին եկեղեցիները։

***

1819թ. այստեղ է գալիս Մանվել վարդապետ Կյումուշխանեցին, ով էլ Հովհաննես Ղազախեցու խնդրանքով շարադրում է վանքի պատմությունը: ԺԹ. դարի երեսնական թվականներին Սեւանավանքն ուներ թեմի կարգավիճակ, որի մեջ մտնում էին 24 գյուղ, սակայն ցարական կառավարության 1836թ. ընդունված կանոնադրության համաձայն, Սեւանի վանքը մտավ Երեւանի թեմի կազմի մեջ: Չնայած դրան, Սեւանի մենաստանի դերը չէր նվազում: Թերեւս այդ էր պատճառը, որ 1897թ. Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսը շուշիաբնակ մեծահարուստ Ավետիք Ղուկասյանի բարերարությամբ Սեւանի կղզում հիմնում է վանական դպրոց, որը սակայն, գործում է շատ կարճ ժամանակ:

***

Հայաստանի առաջին հանրապետության տարիներին (1918-1920թթ.) կղզին աքսորավայր էր հեղափոխական տրամադրություն ունեցողների համար:
Խորհրդային իշխանության առաջին տարիներին վանքի ունեցվածքը  բռնագրավվեց: 1926թ. ՀԿԲԿ Կենտկոմի բյուրոյի որոշմամբ , Սեւանա կղզին որպես հանգստավայր տրամադրվեց ներքին գործերի ժողկոմատին: Հենց աստվածամերժության այդ շրջանում էլ քանդվեց Ս. Աստվածածին եկեղեցին: Հետագայում վանքը վերածվեց թանգարանի: 1990թ. Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի (1999-ից.` Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոս) նախաձեռնությամբ եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա. կաթողիկոսի օրհնությամբ վերաբացվեց Սեւանավանքը:
Նույն թվականին բացվեց նաեւ Սեւանի հոգեւոր դպրանոցը, որը 1994թ. վերանվանվեց Վազգենյան հոգեւոր դպրանոց: Դպրանոցում Հայաստանի եւ սփյուռքի համար պատրաստվում են հոգեւոր սպասավորներ: Ուսումնառությունը չորս տարի է, որից հետո սաները եւս երկու տարի ուսանում են Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: