22.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ստուգատեսային չորեքշաբթի

Օրն սկսեցինք Մայր դպրոցի գլխավոր մուտքի վարդաստանի խնամքով. հավաքեցինք նախորդ օրվա քաղհանած խոտը, էտեցինք ճեմուղու եզրերի թփերը, ջրեցինք վարդերը:

Բակային աշխատանքից հետո օտար լեզվի ուսուցիչները հավաքվեցին Միջին դպրոցի ակումբում՝ ստուգատեսային նյութերի դիտում-քննարկման: Համերաշխ, իրար լսելով, պարզաբանումներ անելով՝ ընտրեցին-առանձնացրին հաջողված նյութերը և ուղարկեցին հանձնաժողովի գնահատմանը:

Մի խումբ ուսուցիչներ էլ ունկնդրեցին Տաթև Աղաջանյանի կիթառահար սաներին. տարատարիք սովորողները ներկայացրին բազմաժանր ծրագիր՝ դասական գործերից մինչև հայտնի ֆիլմերի soundtrack-ներ:

Թատերական ստուգատեսի շրջանակում Հյուսիսային դպրոցի բակում էլ ներկայացվեց Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնի «Համերգային շոու-ծրագիրը»:

Երաժշտական փառատոնի շրջանակում հանդես եկան Երևան ժամանած հյուրերը Ջավախքից: Նրանց խմբի ղեկավարն իր ելույթում նշեց, որ հանդիպման առաջին պահից տպավորված են այն զգացողությունից, որ կրթահամալիրում տիրում է սիրո և նվիրվածության մթնոլորտ: Պարային մեկ-երկու համար ներկայացնելուց հետո պայմանավորվեցինք տոնակատարությունը տեղափոխել Անգլիական այգի՝ հունիսի 16-ին, ժամը 18.00: