23.12.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀՀ գիտության և կրթության նախարարի այցը մայր դպրոց

Այսօր՝ հունիսի 9-ին, ոչ պաշտոնական այցով կրթահամալիր էր եկել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա եկել էր ծանոթանալու մեր «Ամառ 2017» ուսումնական նախագծին: Այցը սկսեցինք Բաբաջանյան պողոտայից: Անցավ պարատան մոտով, սուսերամարտիկների մոտով, մտավ հրաձգարան: Հետաքրքրվեց սովորողների ձեռքբերումներով: Այնուհետև Տիար Բլեյանը ուղեկցեց նրան  ընթերցարան, որտեղ նախարարը զրուցեց ընթերցասերների հետ, ովքեր գրքի քննարկում էին անում: Ընթերցարանով բարձրացավ մարմարյա սրահ. այնտեղ Արևելյան դպրոցը երկուշաբթի օրվա իր ելույթի գլխավոր փորձն էր անում: Միասին երգեցինք «Այբ, բեն, գիմ»-ը և քայլելով, զրուցելով գնացինք ռոբոտիքսի ակումբ: Այնտեղ նա տեսավ մեր պատրաստած 3D պրինտեռը, որով մենք պատրաստել էինք նշաններ լրագրողական ակումբի համար: Հետո գնացինք քիմիայի լաբորատորիա, որտեղ նախարարին ներկայացրեցինք կրթահամալիրի բնագիտության գործունեությունը: Այցը շարունակվեց դեպի մայր դպրոցի գլխավոր մուտք, որտեղ հավաքված էին թարգմանական և լրագրողական ակումբները: Թարգմանական ակումբում թարգմանում էին առակներ, և նա հետաքրքրվեց, թե մենք ինչ լեզուներ ենք ուսումնասիրում: Լրագրողական ակումբի հետ փոքրիկ ասուլիս արեցինք: Ասուլիսի ընթացքում տվեցինք շատ հարցեր և՛ տիար Բլեյանին, և՛ պարոն Մկրտչյանին: Այնուհետև քայլեցինք և տեսանք, թե ինչպես են աշխատում խեցեգործները և տեխնոլոգները բակում: Խեցեգործները պատրաստում էին բաժակներ, իսկ տեխնոլոգները զբաղվում էին բատիկայով: Պարոն Մկրտչյանին շատ հետաքրքրեց մեր գործունեությունը կապված խեցեգործության հետ: Շատ հետաքրքիր անցավ, կարծում եմ, որ նրան դուր եկավ մեր «Ամառ 2017» ուսումնական նախագիծը: Նա շատ մեծ սիրով մեզ հետ շրջեց, հետաքրքրվեց: Սիրով սպասում ենք յուրաքանչյուրին, որպեսզի ծանոթացնենք և ներգրավենք մեր «Ամառ 2017» ուսումնական նախագծին: