30.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Այլընտրանքային պատմություն նախագիծ»|«Կրոններ» — «Համաշխարհային կրոններ» / Իմ ուսումնասիրությունները

Իմ կարծիքը «Կրոն, համաշխարհային կրոններ» թեմայի շուրջ

«Այլընտրանքային պատմություն» նախագծի շրջանակներում ընտրեցի «Կրոն/Համաշխարհային կրոններ» թեման, քանի որ, դեռ մանկուց ինձ հետաքրքրել է հավատքի և կրոնի գաղափարը: Մանկուց, ծնողներիս հետ հաճախել եմ Հայ Առաքելական եկեղեցի, մասնակցել եմ պատարագների, եկեղեցական ծիսակատարությունների, բայց միշտ ինչ որ պայքար է մեջս եղել, թե արդյոք սա է այն իրական և վեհ գաղափարը, որին պետք է հավատալ և այդ հավատքի ուժով ապրել: Նախկին դպրոցում անցնում էինք «Հայոց եկեղեցու պատմություն» դասաժամը, և ես գերազանց էի սովորում այն: Չորրորդ դասարանում սկսել էի ուսումնասիրել Բուդդիզմը (մայրիկիս հետ միասին), և ահա այդ ժամանակվանից սկսեցի մտածել, որ յուրաքանչյուր կրոն հատուկ է տվյալ տարածաշրջանի, տվյալ ազգի համար: Ինչու ենք մենք, կամ կաթոլիկներն ու ուղղափառները հավատում Հիսուս Քրիստոսին, սուրբ երրորդությանը, իսկ մուսուլմանները, բուդդիստները կամ հինդուիստները՝ այլ աստվածների կամ փիլիսոփայության: Եվ ամեն ազգի կրոն սազական և համապատասխան է տվյալ ազգին: Օրինակ՝ մենք չէինք կարող լինել բուդդիստ, որովհետև Բուդդիզմը փիլիսոփայություն է, իսկ մենք աստված պաշտող ազգ ենք: Նույն կերպ՝ մուսուլմանները չէին կարող քրիստոնյա լինել, որովհետև Իսլամը, որպես արաբական ցեղերին միավորելու միջոց, ստեղծվեց վեցերորդ դարում, երբ Քրիստոնեությունն արդեն կար, և ավելի խիստ կանոններով կրոն էր պետք, որպեսզի այդ ցեղերը միավորվեին:
Դեռ շատ տարիներ ունեմ, որպեսզի ուսումնասիրեմ և հետևություններ անեմ, թե ինչու և ինչպես են առաջացել այդ կրոնները հենց այդ տարածաշրջաններում, բայց մի բան եմ հասկանում, որ կրոնը, հատկապես պետական կրոնը ուժեղ գործիք է՝ մարդկանց հնազանդեցնելու, մեղավորության զգացումի մեջ միշտ պահելու համար: Բայց ամեն դեպքում, յուրաքանչյուր մարդու համար անհրաժեշտ է և կարևոր որևէ բանին հավատալը՝ լինի դա պետական կրոն, հավատալիք, թե փիլիսոփայական ուղղություն:

Նյութը ամբողջությամբ՝ իմ բլոգում: