30.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սա ուրիշ արև է, գարնան արև…

Նայում եմ պատուհանից դուրս. արևը իր ոսկե շողերը շռայլորեն սփռել է ամենուր՝ շենքերի տանիքներին, լայն ու նեղ փողոցների վրա, անգամ փորձում է թափանցել ամենամութ ու սառցակալած անկյունները: Սա ուրիշ արև է, գարնան արև…

Հեռու սարերի վրա շողշողացող առատ ձյուն եմ տեսնում, իսկ այդ ձյան տակ արդեն տրոփում է գարնան քնքուշ սիրտը: Այս ամենից գլուխս պտտվում է, սիրտս՝ լցվում բերկրանքով: Վերջապես գարունը գալիս է… Երկար ձգվեց այս ձմեռը, այնքան երկար, որ չէի ցանկանում տնից դուրս գալ ու կրկին նայել այդ անսահման ու արդեն ձանձրալի սպիտակությանը: Երևի ձմռվանից հոգնելու համար են մարդիկ այդքան սիրում գարունը: Սակայն հետաքրքիր է՝ այդյո՞ք երկարատև գարունը նույնպես չի հոգնեցնի մարդկանց: Կարծում եմ, որ պարզապես անհնար է հոգնել զարթոնքից, ծաղիկների խենթացնող բույրերից ու չորս կողմից շլացնող կանաչով զգեստավորված ծառերից: Եվ մի՞ թե կարելի է հոգնել թարմությունից և երիտասարդությունից: Նորեկ գարունը դեռևս ձյան տակ է, սակայն մոտ են գարնանային հրավառության օրերը, մոտ է մարդկանց անկնճիռ ժպիտների և հոգեկան գոհության պայծառ ժամանակը:

Նյութը՝ Քրիստինա Ասլանյանի, 8-1 դասարան: