22.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հարսանեկան արարողություններ հին Ռուսաստանում

Թարգմանչական աշխատանք

Ա. Ներսիսյանի ջոկատի ճամբարականներ, ղեկ.՝  Ժ. Հակոբյան

Ըստ ավանդույթի՝ երիտասարդների հարսանիքի մասին պայմանավորվում էին խնամախոսները և  ծնողները։ Նախօրոք իմանում էին, թե արդյոք ընտրյալը պատրաստ է ամուսնանալ։ Հարկավոր էր, որ փեսացուն երևավար լավ կողմերով, եթե ոչ որպես սպիտակ ձիով ասպետ, ապա որպես լավ տանուտեր և ընտանիքի գլուխ։

Եթե ​​խնամախոսությունը  հաջող էր անցնում, հարսի մայրը խնամախոսների բերած թխվածքը  բաժանում էր երկու-չորս մասի, իսկ ապագա կինը, ի նշան իր համաձայնության, փեսային նվիրում էր գլխաշոր, անկողնային ծածկոց կամ սավան։

Վերջնական պայմանավորվածությունից հետո հարսնացուն այլեւս չէր կարող հրաժարվել փեսայից. դա վիրավորանք էր համարվում։ Ապագա հարազատների համար նվերներ պատրաստելու ժամանակն էր։ Սովորաբար հարսնացուն կարում կամ հյուսում էր փեսացուի համար ինչ-որ հագուստ՝ գլխաշոր և ձեռնոց, ներքնաշորեր կամ նույնիսկ հարսանեկան կոստյում։ Տոնակատարությանը պատրաստվում էին նաև «սունդուկ»՝ օժիտ։ Սրբիչներ, զգեստներ և անկողնային սպիտակեղեն կարում և ասեղնագործում էին հարսնացուն՝ մերձավոր ազգականների հետ։

Հարսանիքից առաջ և՛ փեսան, և՛ հարսնացուն, և՛ նրանց հարազատները գուշակում էին, թե ինչպես են նորապսակները միասին ապրելու։

Որոշ հարսանեկան արարողություններ օգնում էին ընտրյալի մասին ամբողջական պատկերացում կազմել։ Հարսանիքի օրվա առավոտյան հարսի հարազատները փեսայի տուն էին բերում ժապավեններով զարդարված հավ, նրան սեղանի տակ գցում ու կորեկ լցնում: Եթե ​​հավը բարձր կչկչում և թևերը թափահարում էր, ապա փեսացուն պետք է պատրաստվեր. կինը  փնփնթան էր լինելու։ Իսկ կոտրված կրունկը լուրջ մտահոգում էր հարսին։ Դա նշան էր, որ ամուսինը բարդ բնավորություն էր ունենալու։

Հարսանիքի օրը մատուցում էին հավի լապշա, ասպիկ, կարկանդակ, կիսել, կոմպոտ, շիլա։ Տոնական ընթրիքին լինում էին  նաև հատուկ ուտեստներ՝ փոքրիկ բուլկիներ և խոզի խոզապուխտ, որը հարսանիքից առաջ մի ամբողջ օր  եփվում էր։ Անմիջապես կտրում էին  հարսանեկան բոքոնը և կտոր-կտոր բաժանում բոլորին։ Հարսն ու փեսան, վախենալով չար աչքից, երբեմն  առանձին սենյակում էին ճաշում։