23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ինտելեկտի չափման դաս պարսկերենով

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի աջակցությամբ «Իրականը՝ խաղերում» նախագծի շրջանակներում կրթահամալիրի հյուրն էր Թեհրանի Սանաթ տեխնոլոգիական համալսարանի դասախոս և «Lecocup» կազմակերպության անդամ պարոն Յասեր Խոդադադին, ով ներկայացրեց իրենց համալսարանում մշակվող խաղերը, բացատրեց կանոնները և հնարավորություն տվեց, որ սովորողներն օգտվեն խաղերից:

Կրթահամալիրի պարսկերենի ընտրությամբ խմբերը խաղերի ընթացքում շատ էին կիրառում պարսկերենը՝ հաշվարկներն անում էին պարսկերենով, հարցերով դիմում պարոն Խոդադադին և փորձում հասկանալ պատասխանը: Խաղերը դրական ազդեցություն թողեցին երեխաների վրա:

Պարոն Յասեր Խոդադադին նշեց, որ իրենք ցանկություն ունենք մեզ հետ այնպիսի համագորձակցություն սկսել, որը հնարավորություն կտա առնվազն ամիսը մեկ անգամ այցելել դպրոց և երեխաներին ծանոթացնել ոչ միայն ինտելեկտուալ և տրամաբանական, այլ նաև պարսկերեն սովորեցնող խաղերին:

Ավարտին երեխաները հյուրին առաջարկեցին ծանոթանալ կրթահամալիրին և հենց իրենք էլ պարսկերենով ներկայացրին կրթահամալիրի ծրագրերը և սրահները: Շրջեցինք կրթահամալիրում, ներկա գտնվեցինք դասընթացներին, ծանոթացրինք մեթոդներին: