25.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աշունը Կապույտ մզկիթում

Հոկտեմբերի 25-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարսկերենն ընտրած սովորողներն այցելեցին Երևանի Կապույտ մզկիթ: Մզկիթում մեզ դիմավորեց իրանցի հայագետ Մարիամ Թորաբին, ով մեզ պատմեց Կապույտ մզկիթի, Իրանի, իրանցիների, լեզվի և պատմության մասին:

Սովորողները ներկայացան պարսկերենով, պատմեցին իրենց մասին, ինչպես նաև արտասանեցին աշնան վերաբերյալ բանաստեղծություններ: Սովորողները եղան մզկիթի գրադարանում, ուսումնասիրեցին գրքերը, ծանոթացան մզկիթի յուրահատուկ ճարտարապետությանը:

Մարիամ Թորաբին մեզ ուղեկցեց նաև մզկիթի աղոթարան, տեղ, որտեղ իրենց ամենօրյա նամազն են անում պարսիկները: Այցելեցին և՛ կանանց և՛ տղամարդկանց աղոթարաններ:

Մարիամ Թորաբին ցույց տվեց նաև պարսկական կապույտ նախշազարդով ափսեները, որոնք կոչվում են մինա (հանգստություն, խաղաղություն):

Այնուհետև սովորողներն ուղևորվեցին դեպի մինարեթ (մզկիթի գմբեթ), որոնցից միայն մեկն է կանգուն առ այսօր: Մարիամ Թորաբին պատմեց, որ ամեն օր այդ մինարեթի հատուկ ազդանշանով պարսիկները գալիս են մզկիթ նամազ անելու: