23.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Շնորհակալ եմ, որ չես թողնում դառնամ այս ծայրահեղ աշխարհի ծայրահեղ մի մաս

Օրեցօր զգում եմ իմ ու եղբորս տարբերությունը: Զգում եմ, թե ինչպես եմ ՙՙ մեծանում՚՚, ինչից ես ամենաշատն էի վախենում: Դառնում եմ սահմանափակ, ոչ այնքան ստեղծագործ, փակվում եմ, սիրում եմ ամեն ինչ կանոնիկ, իր տեղում: Զգում եմ, որ սա ես չեմ, սկսում եմ վախենալ ինձանից, սկսում եմ փախչել ինքս ինձնից: Իսկ ահա նա՝ փոքրիկ կանաչ աչքերով հմայիչ երիտասարդը՝ եղբայրս, չի մեծանում ու դառնում ավելի հետաքրքիր, ավելի ստեղծագործ, ավելի ՙՙ մոբիլ՚՚ : Ուրախանում եմ նրա համար, մտածում, որ լավ ընկեր կդառնա, լավ հայրենասեր և ուղղակի լավ մարդ: Ամեն անգամ նրա հետ շփվելուց հասկանում եմ, որ ոչինչ չգիտեմ նրա մասին, որ նա ուրիշ է… Ամեն ինչի վրա ստեղծում է իրենը, իր ՙՙ ստեղծագործությունը՚՚: Հորինում նոր ՙՙ հեքիաթ՚՚, իր հեքիաթը, որին հավատում է ու ապրում այդ լուսավոր ու ջինջ հեքիաթով:

Ես… Մեծանալով սկսում եմ զգալ, տեսնել իրական աշխարհը, սարսափել այդ աշխարհից, մարդկանցից: Հասկանում եմ, որ աշխարհի վրա ես մի մրջյուն եմ, մրջյուն, որին կարող են ամեն վայրկյան ճզմել անխղճորեն: Բայց այդ բոլոր մտքերից ազատում է նա՝ եղբայրս, երբ որ կռիվ եմ անում հետը, խաղում եմ, զրուցում: Նրա հետ ես ինձ զգում եմ մանուկ, զգում եմ փոքրիկ երեխա:

Շնորհակալ եմ, որ չես թողնում դառնամ այս ծայրահեղ աշխարհի ծայրահեղ մի մաս…

Նյութը՝ Նարեկ Արշակյանի