24.11.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հայկական դիցարանները

Հայկական դիցաբանություն, հայկական ցեղերի ու ցեղային միությունների, ավելի ուշ՝ հայ ժողովրդի շրջանում տարածված հավատալիքներ։ Այն ներկայացված է մի քանի դիցարաններով պայմանականորեն առաջին շրջանի՝ բրոնզի և երկաթի դարերի հայկական տոհմացեղային դիցարան։Երկրորդ շրջան Զրադաշտականություն (Երվանդունիների թագավորության շրջանում՝ մ.թ.ա. 6-2-րդ դարեր) և հելլենիստական (Արտաշեսյան և Արշակունյաց թագավորության շրջանում՝ մ.թ.ա. 2 — մ.թ. 4-րդ դարեր)։

Հազարամյակների պատմություն ունեցող հայկական դիցաբանությունը 4-րդ դարից սկսած ամբողջությամբ իր տեղն է զիջում քրիստոնեությանը, որը Հայաստանում ընդունվել էր 301 թվականին։ Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման`   Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով:

Առաջին դիցարան

Հայոց առաջին դիցարանը կազմավորվում է ավելի վաղ քան ընդունված է նշել դավանաբանության մեջ։ Ըստ ավանադաբանության Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր ,իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր ,Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը։ Ըստ շումերական աղբյուրների տեղի է ունեցել աստվածների սրունդների չորս սերընդափոխություն ։Հնագույն շոմերական գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հայա անունուվ Աստծո մասին և նրա՝ որպես առաջին աստվածներ սերունդների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է, նշանակում է «հարազատ որդի» բառի ծագումնաբանությունը ասում է ՝ «դու մեզ» սա ավելի հավաստի է ), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։

Երկրորդ դիցարան

Հայասա երկրի (մ. թ. ա. 15-13-րդ դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն։ Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն զույգը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին։

Հնագույն հայերի համոզմունքները կապված էին եղել բազմաթիվ պաշտամունքի հետ, հիմնականում մեր նախնիները պաշտել են երկինքը և երկնային մարմինները սակայն այդ պաշտամունքի և ծիսականության մեջ անկրկնելի և բացարձակ տեղ ունի արևը և արևի պաշտամունքը և արևի հետ նույնացված որոշակի կենդանիներ առյուծ, արծիվ, ցուլ, օձ ևնետաձիգ մարդը։ Բարձրագույն աստվածն էր հնդեվրոպական Արը (որպես ելակետ), որին հաջորդում էր Արամազդը ։ Հետագայում, հայոց համակարգի ազդեցությամբ ձևավորվում է ֆարսիների կրոնական համակարգը և իրավունքի շրջանակներում նրանք օգտվում են ոչ թե անունից այլ նորկայացնում են Արարչի որակնեից մեկը՝ Ահուրամազդա որը նշանակում է Աստծո հուրը մեզ տա։ Այդ նույն սկզբունքից ելնելով հելլենիստական դիցարանը այդպես է ներկայացնում Զևսին։

Ի լրումն հիմնական՝ արծվի և առյուծի պաշտամունքի, կային այլ սրբազան կենդանիներ.

  • Ցուլ (Երվանդ և Երվազը ծնվել էին կնոջ և ցուլի հարաբերությունից)
  • Եղնիկ (պաշտամունքը կապված էր մայր աստվածուհու և, ավելի ուշ, քրիստոնեական Մայր Աստվածածնի հետ)
  • Արջ (Ժամանակին ջրաղացպան է եղել, բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։)
  • Կատու (Նոյի տապանում գտնված ժամանակ առյուծը հանկարծ փռշտում է և քթից դուրս է ընկնում կատուն։ Դրա համար էլ կատուն շատ նման է առյուծի։)
  • Շուն, օրինակ Արալեզ (Սկզբից աշխարհում հաց չի եղել։ Մի օր քաղցած շունը սկսում է անընդհատ ոռնալ և երկինք նայել։ Այնքան է ոռնում, որ երկնքից մի հատիկ է ընկնում գետին։ Հատիկը ծլում է, աճում, արտը լցնում ցորենով։ Շան տերը քաղում է արտը, ծեծում հասկերը, ցորենը աղում։ Դրանից հետո աշխարհը հացով է լցվում։)

Սուրբ կաթնասուններ ու սուրբ թռչուններ էին համարվում՝

  • Առյուծ
  • Ձի
  • Ցուլ
  • Խոյ կամ Արխար
  • Արծիվ
  • Աքաղաղ
  • Ծիծեռնակ (Ճարտար ու քաղցրախոս երեխա է եղել։ Խորթ մայրը սաստիկ ատել է նրան։ Մի անգամ մայրը սուտ հիվանդ է ձևանում և ամուսնուց պահանջում, որ կտրի երեխայի ճկույթը, տա իրեն ուտի, որպեսզի ինքն առողջանա։ Ամուսինը ստիպված կատարում է չար կնոջ կամքը։ Երբ կտրում է տղայի ճկույթը, տղան մեռնում է։ Իսկ երբ կտրած ճկույթը տալիս է կնոջը, որ ուտի, ճկույթը հանկարծ ծիծեռնակ է դառնում)
  • Արագիլներ (Իրենց երկրում մարդ են, մարդկային կերպարանք ունեն։ Չվելու ժամանակ նրանք գալիս են գետափ, լողանում ջրերում, հագնում են թռչունի փետուրներ և ճանապարհ ընկնում մեր երկիրը։ Վերադարձի ժամանակ նրանք հավաքվում են մի բարձր սարի վրա, մատաղ անում, լողանում գետում, նորից մարդ դառնում ու գնում են իրենց երկիրը։ Արագիլն ամեն տարի խեղդում է իր ձագերից մեկին՝ աստծուն մատաղ անելու համար։)
  • Կռունկ (Սպանելը մեծ մեղք է։ Երբ մարդ հրացան առնի ձեռը և նշան բռնի կռունկին, կռունկն իսկույն դառնում է գեղանի հարս՝ ծծկեր երեխան կրծքին։)

Կենդանիներից բացի՝ սրբացվում էին սոսի (Տնջրի), գիհի (կենի) և բեգոնիա (փղականջ) բույսերը։ Տոտեմների շարքն են դասում նաև ձկներին, շնորհիվ վիշապ քարակոթողների։ Լեռների ծագումը առասպելներում սովորաբար մարդեղային բնույթ ունի։ Ըստ որոշ առասպելների, լեռները եղբայր-հսկաներ էին։ Ամեն առավոտ նրանք ամուր գոտևորվում էին ու բարի առավոտ մաղթում միմյանց։ Ժամանակի ընթացքում ծույլանում են վաղ արթնանալ և բարևել միմյանց, նաև չեն էլ ձգում գոտիները։ Աստվածները պատժում են եղբայրներին ու դարձնում նրանց լեռներ, իրենց գոտինեիը վերածում են կանաչ հովիտների, արցունքները՝ աղբյուրների։ Մեկ այլ վարկածով, Մասիս սարը (Արարատ) և Արագածը քույրեր են, իսկ Զագրոս ու Տավրոսը՝ եղջերավոր վիշապներ էին (դրակոններ), որոնք մարտնչում էին իրենք իրենց դեմ։

Շատ առասպելներ նվիրված էին օձերին, նրանց պաշտամունքը, որը հնում տարածված էր ժողովրդի մեջ (հատկապես լորտու, ով համարվում էր հայերի ընկեր)։ Ենթադրվում էր, որ սուրբ օձերը ապրում էին քարանձավներում իրենց պալատներում, իսկ օձերի արքայի գլխին թանկարժեք քար էր կամ ոսկյա եղջյուրներ էր։ Յուրաքանչյուր թագավոր իր բանակն ուներ։

Երրորդ դիցարան

Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ։ Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից։ Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի։ Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների։

Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր դիցարան, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը։ Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները։

Չորրորդ դիցարան

Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր, կոչվել է Վահեվանյան)։ Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին։

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանի, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։ Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են։

Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը։ Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը։ Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան։ Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Ծիրանի գոտի անվանումը և այլն։

Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ։

Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ(Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամին և այլ աստվածություններ։

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ 
ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ
ԱՐԱՄԱԶԴ Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

ԱՆԱՀԻՏ 
$RP4FYQJ (1).jpgԱրամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն հայցում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։
Հին Հայաստանում լայնորեն սիրված ու տարածված էր Անահիտի պաշտամունքը. Եկեղյաց գավառում, Տարոնում, Վասպուրականում, Արմավիրում, Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Ամենանշանավորը Եկեղյաց գավառի Երիզա ավանի (հետագայում՝ Երզնկա) Անահիտի տաճարն էր, որին նվիրաբերում էին սպասավորներ ու սպասուհիներ։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։ Անահիտի սրբավայրերին նվիրում էին նաև պիսակավոր (ճակատին սպիտակ նշան ունեցող) երինջներ, որոնք նախիրներով արածում էին նրա տաճարների շուրջը։ Երիզա ավանի տաճարում էր դրված Անահիտի ոսկեձույլ արձանը, որի համար էլ Անահիտին կոչում էին Ոսկեծղի (ոսկեբազուկ), Ոսկեհատ, Ոսկեծին–Ոսկեմայր։ Նրա արձանին ծառերի թավ ու թարմ ճյուղերից հյուսված պսակներ էին դնում։ Այդ ոսկեձույլ արձանն այնքան մեծ էր, որ երբ հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը մեր թվականությունից առաջ 34 թ. իր պարթևական արշավանքի ժամանակ մտնում է Երիզա ավանը, նրա զինվորները ջարդում են Անահիտի ոսկեձույլ արձանը, կտոր-կտոր անելով, բաժանում իրար մեջ և տանում Հռոմ։ Այդ ավարին մասնակցած հռոմեացի մի զինվոր ճոխ ճաշկերույթ է կազմակերպում Օգոստոս կայսեր պատվին։ Երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել առաջինը արձանի վրա հարձակվողներից, և այդ ճաշկերույթի ծախսը հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի կտոր ոսկով։

ՎԱՀԱԳՆ Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին. 

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ։

Նա ծնվելուն պես կովի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։ Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։ Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։
Ստորև տրվում է Վահագնի ծննդյան երգի հին հայերեն բնագիրը.

«ԵրկնԷր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք»։

 

ԱՍՏՂԻԿ 

Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին մերկ, չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։Նրա սիրով տարված երիտասարդ տղաները Տարոնի Դաղոնաց սարի վրա գիշերները խարույկներ էին վառում, որպեսզի դրանց լույսի տակ կարողանան տեսնել Եփրատում լողացող դիցուհուն, հիանան նրա չքնաղ գեղեցկությամբ։ Բայց Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

ՆԱՆԵ 

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։ Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

ՄԻՀՐ Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։
Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։ Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։

ՏԻՐ Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև երազացույց ու երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների ուշակությունը։

 
ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։Նավասարդյան տոնախմբությունները համաժողովրդական մեծ շուքով ու ցնծությամբ կատարվում էին հատկապես հայոց հին հոգևոր կենտրոններից մեկում՝ Բագրևանդ գավառի դաշտավայրում գտնվող Բագավանում, որ նշանակում է դիցավան կամ աստվածավան։ Այս ավանում էր գտնվում նոր տարվա աստվածների՝ Ամանորի և հյուրընկալ Վանատուրի պաշտամունքատեղին։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։ Հայոց Տիգրան վերջին թագավորը Բագավանում իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանի վրա սրբավայր է շինում, որպեսզի բոլոր անցորդները վայելեն այդտեղ զոհաբերվող կենդանիների միսն ու խմիչքը, միաժամանակ նույն տեղում գիշերեն և հյուրընկալվեն։
Կարծիքներ կան, որ Վանատուրն ու Ամանորը մեկ աստված են, Վանատուրը Ամանոր աստծո մակդիրն է և նշանակում է օթևան տվող, հյուրընկալ Ամանոր։ Կամ էլ, կարծում են, Վանատուրը հյուրընկալ Արամազդ աստծո մակդիրն է։

 
ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏՀին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։
Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների և գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձևով հասկացել են և դժոխքի անդունդները, և դժոխքի չար ոգիները:

Աղբյուրներ`