25.04.2024

Միջին դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Չես կարող տեսնել ուժը, ոգին ու չխաղաղվել

Գրքատոն ֆլեշմոբի խոհերով

Ձյունառատ, արդեն երկարատև ու չնահանջող ցուրտ ձմռանը դիմանում ենք շարժվելով, կրթահամալիրյան ակտիվ կենսակերպով: Բա ո՞նց, շարժումը կյանք է, կյանքը՝ շարժվողինը: Ակտիվ դաս-պարապմունքներից հետո նորից չենք անցնում պասիվ դրությանը. այս անգամ հասանք Ազգային գրադարան, որտեղ 8-9-րդ դասարանների սովորողների հետ գրքատոն գրական, մշակութային ֆլեշմոբ կազմակերպեցինք՝ նվիրված մայրենի լեզվի օրերին: Ինչպես գրադարանի տնօրենը նշեց. «Պատմության մեջ երբևէ չի խախտվել գրադարանի լռությունը…», բայց  էլ ովքե՞ր պետք է «խախտեին լռությունը», եթե ոչ՝ սեբաստացիները իրենց թարմ շնչով, նեղ սահմաններ, դոգմաներ չհանդուրժող տարբերվող տեսակով:

Չես կարող տեսնել ուժը, ոգին, երիտասարդությունը, ծաղկուն կյանքը իր ողջ գեղեցկությամբ ու չխաղաղվել, չտարածվել ու չլցվել ներքուստ…ճամփորդությունը սկսեցինք երգ ու պարով, ազգային երաժշտությունը սովորողների շնորհիվ թևածում էր ամենուր՝ փողոց-մայթերում, մարդկանց սրտերում, երգի հնչյունները կախվել էին օդում՝ տրամադրություն, գույն բերելով «սպիտակ» քաղաքում: Նույնիսկ քաղաքային երթուղում  էր խումբը պարում ու երգում խմբապետներ՝ Արենի ու Վաչեի  ղեկավարությամբ՝ արժանանալով մարդկանց հիացական ու ջերմ ժպիտներին: Մտածում էի՝ ինչ լավ է անկաշկանդ ու գեղագիտորեն դաստիարակված մարդկային տեսակը, բնությունը…

Օրվա հետաքրքիր դրվագների մասին պատմող սովորողների խոհերն ու տեսանյութը շուտով:

Հատուկ շնորհակալություն ընկեր Գնել Հարությունյանին կրթահամալիրի լոգոյով մեզ համար հրաշագործ  եռաչափ տպիչով կրծքազարդեր պատրաստելու համար և մեր սիրելի «Տիգրան Հայրապետյան» գրադարանին նվիրատվության գրքեր տրամադրալու համար: